ԱՄՆ ՀԴԲ տնօրեն Քեշ Փաթելը Սենատում ստիպված է եղել պարզաբանումներ տալ աշխատակիցների հավաքագրման նոր կանոնների վերաբերյալ։ Ըստ դրանց՝ կենդանապղծության փաստն այլևս ինքնաբերաբար մերժման հիմք չի հանդիսանա դիմորդների համար։ Այս մասին հայտնում է NBC News-ը։
Փաթելի խոսքով՝ կանոնների փոփոխության նպատակը թրաֆիքինգի զոհերին պաշտպանելն է, որպեսզի նման արարքներին բռնի ուժով հարկադրված մարդիկ չզրկվեն բյուրոյում աշխատելու հնարավորությունից։
Սենատի դատական հանձնաժողովի լսումների ժամանակ հանրապետական սենատոր Ջոն Քենեդին պահանջել է բացատրել, թե ինչու է ՀԴԲ-ն առհասարակ նման հարց քննարկում կադրեր ընդունելիս։
«Մենք կենդանապղծությամբ չենք զբաղվում»,- ընդգծել է ՀԴԲ տնօրենը։
Նա պարզաբանել է, որ նախկինում ցանկացած թեկնածու, ով առնչվել էր նման երևույթի, ինքնաբերաբար դուրս էր մնում՝ անկախ հանգամանքներից։ Այժմ յուրաքանչյուր դեպք քննվելու է առանձին։ Փաթելը նշել է, որ իրեն ներկայացրել են դեպքեր, երբ թրաֆիքինգի ենթարկված անձանց ստիպել են սեռական ակտի մեջ մտնել կենդանիների հետ։ Ուստի որոշվել է, որ անցյալի ողբերգական փորձը չպետք է անվերապահորեն փակի նրանց ճանապարհը։
Քենեդու այն հարցին, թե արդյոք կամավոր նման քայլի դիմած անձը կարող է դառնալ ՀԴԲ աշխատակից կամ գործակալ, Փաթելը կտրուկ բացասական պատասխան է տվել․ «Եթե դա արվել է կամավոր՝ իհարկե՛, ո՛չ»։ Նա վերահաստատել է, որ կամավոր մասնակցությունը մնում է մերժման անվերապահ հիմք։
Ավելի ուշ պարզաբանումներ է պահանջել նաև դեմոկրատ սենատոր Դիք Դուրբինը՝ մատնանշելով, որ ինքնաբերաբար մերժվող արարքների ցանկից հանվել են նաև սեռական ծառայությունների դիմաց վճարումն ու գործատուից կատարված գողությունը։ Փաթելն ի պատասխան կրկին ընդգծել է, որ խոսքը հանցագործության զոհերի մասին է․ «Մենք չենք պատրաստվում հանցագործ համարել և Միացյալ Նահանգներին ծառայելու հնարավորությունից զրկել զոհերին»։
Ներքին քաղաքականության այս փոփոխություններն ուժի մեջ են մտել 2026 թվականին։ Ըստ Սենատի փաստաթղթերի՝ սեռական ծառայությունների դիմաց վճարելու և գործատուից գողություն անելու որոշ դեպքեր նույնպես այլևս ավտոմատ մերժման հիմք չեն, սակայն ՀԴԲ-ն շարունակում է դիմորդների ստանդարտ ստուգումը, և այդ հանգամանքները հաշվի են առնվում անհատական քննության ընթացքում։
Երկար ընդմիջումից հետո սա օրենսդիրների առաջին հնարավորությունն էր՝ Փաթելից մանրամասն պարզաբանումներ պահանջելու ՀԴԲ աշխատանքի, կադրային փոփոխությունների, ընթացիկ քննությունների ու ռեսուրսների բաշխման վերաբերյալ։




























