Թբիլիսիում «Թրամփ թաուեր» երկնաքերի կառուցումը կգրավի միջազգային հանրության ուշադրությունը և կբարձրացնի Վրաստանի ճանաչելիությունն աշխարհում։ Այս մասին հայտարարել է Trump Organization-ի գործադիր փոխնախագահ Էրիկ Թրամփը՝ նախագծին նվիրված պաշտոնական միջազգային միջոցառման ժամանակ ունեցած տեսակապի ընթացքում, հայտնում է Վրաստանի Առաջին ալիքը։

Էրիկ Թրամփի խոսքով՝ Թբիլիսիում նման երկնաքերի հայտնվելը քաղաքն ավելի տեսանելի կդարձնի աշխարհի քարտեզի վրա։

««Թրամփ թաուերը» Վրաստանին կբերի մի բան, որ ամբողջ աշխարհի ուշադրությունը սևեռված կլինի երկրի վրա»,- նշել է նա՝ հավելելով, որ առավոտյան արդեն մի քանի հարցազրույց է տվել նախագծի և Վրաստանի մասին։

Նա ընդգծել է, որ Trump Organization-ը, նախագծեր իրականացնելիս, առանձնահատուկ ուշադրություն է դարձնում որակին ու վայրին։ Ըստ նրա՝ ընկերությունը լիահույս է, որ Թբիլիսիի նոր նախագիծը կդառնա միջազգային մակարդակի աչքի ընկնող կառույց։

«Մենք ուզում ենք, որ Վրաստանն իսկապես հայտնվի համաշխարհային քարտեզի վրա, և նրա հանդեպ մեծ հետաքրքրություն առաջանա»,- ասել է Էրիկ Թրամփը։

Խոսելով ապագա երկնաքերի մասին՝ նա զուգահեռներ է անցկացրել Նյու Յորքի հետ։ Մատնանշելով Նյու Յորքի Կենտրոնական պարկն ու դրա շուրջը վեր խոյացող բարձրահարկերը՝ նա գոհունակություն է հայտնել, որ նմանատիպ նախագիծ է իրականացվելու նաև Թբիլիսիի Կենտրոնական պարկի հարևանությամբ։

«Շատ հպարտ եմ, որ Նյու Յորքի Կենտրոնական պարկից զատ, Թբիլիսիում նույնպես կունենանք «Թրամփ թաուեր»՝ Կենտրոնական պարկի հարևանությամբ։ Սա իսկապես կլինի այն ամենի շարունակությունը, ինչ տարիներ առաջ սկսեց ու իրագործեց հայրս»,- հայտարարել է նա։

Էրիկ Թրամփի համոզմամբ՝ Trump ապրանքանիշն ինքնին դառնալու է նախագծի գրավչության գլխավոր գործոններից մեկը։ Նա բարձր է գնահատել շինարարության վրա աշխատող թիմի պրոֆեսիոնալիզմը՝ վստահեցնելով, որ երկնաքերը դեռ երկար տարիներ հետաքրքրություն է առաջացնելու բոլորի համար։

Ելույթի ավարտին նա նաև նշել է, որ այս նախագիծը պետք է կառուցապատման ու զարգացման նոր նշասյուն սահմանի Վրաստանում։