Հաջորդ տարվանից այն զբոսաշրջիկները, որոնք կորոշեն Ֆուձի բարձրանալ պաշտոնական սեզոնից դուրս և ուղղաթիռով փրկվելու կարիք կունենան, ստիպված կլինեն վճարել այդ ծառայության համար։ Նոր կանոնները ներդնում են Ճապոնիայի Յամանասի պրեֆեկտուրայի իշխանությունները, որոնք վերահսկում են լեռան հյուսիսային հատվածը, հայտնում է BBC News-ը։
Ուղղաթիռով փրկարարական ծառայության համար վճար սահմանելն այն միջոցներից մեկն է, որի նպատակն է նվազեցնել ռիսկային ու վատ նախապատրաստված վերելքների թիվը։ Յամանասիի իշխանությունները ոչ սեզոնային վերելք ծրագրող զբոսաշրջիկներից կպահանջեն նաև նախապես ներկայացնել երթուղու մանրամասն պլանը։
Ֆուձի բարձրանալու պաշտոնական սեզոնը տևում է հուլիսից մինչև սեպտեմբերի սկիզբը, իսկ ոչ սեզոնային շրջանը ձգվում է սեպտեմբերի սկզբից մինչև հաջորդ տարվա հուլիսը։ Թեև այդ ընթացքում վերելքներն ամբողջությամբ արգելված չեն (հնարավոր է բարձրանալ առավելագույնը մինչև տասը կայաններից հինգերորդը), իշխանությունները զբոսաշրջիկներին խստորեն հորդորում են զերծ մնալ նման փորձերից։
Ուղղաթիռով փրկության ճշգրիտ արժեքը դեռևս սահմանված չէ։ Որպես կողմնորոշիչ՝ Յամանասիի իշխանությունները մտադիր են կիրառել լեռնային գոտիներում փրկարարական աշխատանքների համար հարևան Սայտամա պրեֆեկտուրայում գործող սակագինը՝ 8 հազար իեն (51 դոլար) յուրաքանչյուր հինգ րոպեի համար։
«Մենք խնդրում ենք լայն հանրությանը զերծ մնալ ոչ սեզոնային շրջանում վերելքներ կատարելուց։ Հույս ունենք, որ այս միջոցները մարդկանց ստիպելու են մտորել այն մասին, թե ինչ է նշանակում ձմռանը Ֆուձի բարձրանալը»,- երկուշաբթի հայտարարել է Յամանասիի նահանգապետ Կոտարո Նագասակին։
Յամանասիի և լեռան հարավային հատվածը վերահսկող հարևան Սիձուոկա պրեֆեկտուրայի իշխանությունները նկատում են ոչ սեզոնային անպլան վերելքների թվի աճ։ Որոշ զբոսաշրջիկներ հայտնվել են վտանգավոր իրավիճակում և փրկարարների օգնության կարիքն ունեցել։
Սիձուոկան նույնպես պատրաստվում է խստացնել կանոնները։ Այն զբոսաշրջիկները, որոնք չեն գրանցի ոչ սեզոնային վերելքի իրենց պլանները, կտուգանվեն, իսկ իշխանությունները կուժեղացնեն վերահսկողությունը փակ երթուղիներ մուտք գործելու փորձերի նկատմամբ։ Այդուհանդերձ, ուղղաթիռով փրկության համար վճար սահմանելու մասին պրեֆեկտուրայի իշխանությունները չեն հայտարարել։
Տարեկան 3776 մետր բարձրություն ունեցող Ֆուձիի գագաթ է բարձրանում շուրջ 200 հազար մարդ։ Պաշտոնական սեզոնից դուրս եղանակային պայմաններն ու երթուղիների վիճակը դառնում են զգալիորեն ավելի խիստ, իսկ լեռնային ապաստարանների ու զուգարանների մեծ մասը փակվում են։





























