ՀԴԲ-ի նոր գաղտնազերծված փաստաթղթերը հնարավորություն են տվել ավելի մանրամասն վերականգնել Թոմաս Մեթյու Քրուքսի կյանքի պատմությունը, ով 2024 թվականի հուլիսին Փենսիլվանիայում ընթացող նախընտրական հանրահավաքի ժամանակ փորձել էր սպանել Դոնալդ Թրամփին, հայտնում է NBC News-ը։

Նյութերից պարզ է դառնում, որ հարձակմանը նախորդած ամիսներին 20-ամյա ուսանողն ավելի ու ավելի շատ ժամանակ էր հատկացնում զենքին ու հրաձգությանը։

Ըստ դաշնային փաստաթղթերի՝ Թրամփի ելույթից մեկ օր առաջ Քրուքսը մարզվել է Քլերտոն քաղաքի Clairton Sportsmen’s Club հրաձգային ակումբում: Նա այնտեղ էր գնում միջինում շաբաթական մեկ անգամ: Ակումբի աշխատակիցներից մեկը քննիչներին պատմել է, որ հիշում է, թե ինչպես էր Քրուքսը կրակում շուրջ 90 մետր հեռավորության թիրախների վրա:

Քրուքսի հայրը՝ Մեթյուն, քննիչներին հայտնել է, որ որդին զենքով հրապուրվել է կորոնավիրուսի համավարակի օրոք։ Նրա խոսքով՝ Քրուքսը շուրջ հինգ տարի կատարելագործել է հրաձգության իր հմտությունները։ Սկզբում հայրը նրան վատ հրաձիգ էր համարում, սակայն նա շարունակել է մարզվել թե՛ ինքնուրույն, թե՛ հրաձգարաններում։

Հանրահավաքին նախորդած ամիսներին Քրուքսը զենք էր գնում, արձանագրվում հրաձգության դասընթացների և համացանցով զենքի մասեր պատվիրում։ Հոր վկայությամբ՝ որոշ գնումներ անելիս նա օգտագործել է Բոբ Դոուլ անունը։ Ընդ որում, Քրուքսն առանձնակի հետաքրքրություն չի ցուցաբերել որսորդության կամ բնության գրկում ակտիվ հանգստի նկատմամբ։

Փիթսբուրգի մերձակայքում գտնվող Keystone Shooting Center-ի աշխատակիցներից մեկը Քրուքսին բնութագրել է որպես «տարօրինակ մարդու» և նշել, որ չէր ցանկանա, որ իր դուստրը ժամանակ անցկացներ նրա հետ։ Միևնույն ժամանակ, աշխատանքային ընկերները նրան նկարագրել են որպես հանգիստ ու բարյացակամ երիտասարդի, ով կատարում էր հանձնարարություններն ու երբեք չէր բողոքում։

Հրապարակված փաստաթղթերի ծավալուն փաթեթը ներառում է շուրջ 600 էջ հարցազրույցներ Քրուքսի ազգականների, հարևանների, ուսուցիչների և համակուրսեցիների հետ, ինչպես նաև իրավապահ մարմինների նյութեր։ Ծանոթները պատմել են, որ նա հետաքրքրված էր ԱՄՆ պատմությամբ, անգիր գիտեր ամերիկյան բոլոր նախագահների անունները և սիրում էր քննարկել Ֆրանկլին Ռուզվելտի «Նոր կուրսը»։

Համակուրսեցիները նշել են, որ Քրուքսը ցնցված էր 2016 թվականին Թրամփի՝ նախագահ ընտրվելու փաստից, սակայն ընդհանուր առմամբ քաղաքականության մասին խոսում էր բավականին հանգիստ։ Չնայած Հանրապետական կուսակցությունում գրանցված լինելուն՝ նա քննադատում էր երկու հիմնական կուսակցություններին էլ, իսկ 2021 թվականին 15 դոլար էր նվիրաբերել Դեմոկրատական կուսակցության հետ կապված Progressive Turnout Project կազմակերպությանը։

Քրուքսը հետաքրքրվում էր նաև էլեկտրոնիկայով ու 3D տպագրությամբ, պատրաստում էր փոքր նավակներ ու այլ սարքեր, իսկ մի անգամ Raspberry Pi-ի հիմքով տան համար տեսահսկման տեսախցիկ էր հավաքել։ Դասախոսները նրան բնութագրում էին որպես ընդունակ ուսանողի։

2024 թվականի հուլիսի 13-ին Բաթլերում ընթացող հանրահավաքի ժամանակ Քրուքսը ութ անգամ կրակել է Թրամփի ուղղությամբ։ Գնդակներից մեկը դիպել է Թրամփի ականջին, հանրահավաքի մասնակիցներից մեկը զոհվել է, ևս երկուսը՝ վիրավորվել։ Գաղտնի ծառայության դիպուկահարները Քրուքսին նկատել են միջոցառման տարածքից դուրս գտնվող շենքի տանիքին և սպանել նրան։ ՀԴԲ-ն կատարվածը պաշտոնապես որակել է որպես Թրամփի դեմ մահափորձ և քննել է հնարավոր ներքին ահաբեկչության տարբերակը։

Այդուհանդերձ, նոր փաստաթղթերը չեն բացահայտում հարձակման շարժառիթը։ ԱՄՆ Սենատի դատական հանձնաժողովի նախագահ Չաք Գրասլին հայտարարել է, որ պատճառները, թե ինչու էր Քրուքսը ցանկանում սպանել Թրամփին, նախկինի պես անհայտ են։