Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազան ուղղակիորեն կապված է տարածքային զարգացման հետ։ Այս մասին սեպտեմբերի 16-ին Ազգային ժողովի նիստում՝ Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցի քննարկման ընթացքում, հայտարարել է ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավոր Հայկ Ֆարմանյանը։
«Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի վերաբերյալ հայտարարություններից պարզ է դառնում, որ ենթատեքստը հետևյալն է․ իշխանության մեր գործընկերները ցանկանում են, որ այս ռազմաբազան վաղ թե ուշ դուրս բերվի»,- նշել է Ֆարմանյանը։
Նա հիշեցրել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր, թե ռուսական ռազմաբազան որևէ կենսական նշանակություն չունի Հայաստանի Հանրապետության համար։
«Անձամբ ես կարծում եմ, որ ամեն ինչ հակառակն է»,- ընդգծեց ընդդիմադիր պատգամավորը՝ հավելելով, որ ցանկանում է զերծ մնալ ռազմաբազային առնչվող անվտանգության հարցերի քննարկումից։
Պատգամավորի խոսքով՝ ինքը դեմ չէր լինի քննարկել տնտեսական բաղադրիչը, որը երկրի ու ժողովրդի համար կենսական նշանակություն ունի։
Ֆարմանյանը նշել է, որ Շիրակը Հայաստանի ամենաաղքատ մարզն է, իսկ ռուսական ռազմաբազայի փակման հետևանքով հազարավոր մարդիկ դարձյալ անգործ կմնան։
Ընդդիմադիր գործիչն անդրադարձել է նաև մայիսի 28-ին Հանրապետության հրապարակում ցուցադրված «գեր-գերժամանակակից զենքին»։
«Դիցուք՝ ունենք գերժամանակակից զենք, որն անցյալում երբեք չենք ունեցել։ Այդ դեպքում ո՞րն է պարադոքսը․ ինչո՞ւ ենք վախենում աղետալի պատերազմից։ Սահմանադրական մեծամասնություն չունենանք՝ աղետալի պատերազմ կլինի, Տիգրանաշենն իր ադրբեջանական անվամբ չկոչենք՝ աղետալի պատերազմ կլինի, Արարատ լեռան դիմաց էկրան կկախեն, որ չտեսնենք ու աղետալի պատերազմ չլինի։ Ժողովո՛ւրդ, երկուսից մեկն է․ կա՛մ չունենք այդ գեր-գերժամանակակից զենքը, կա՛մ էլ աղետալի պատերազմի մասին խոսակցությունները բլեֆ են»,- հայտարարել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորը։











