Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն աղավաղել է հայոց պետականության հիմքերն ու մեր ինքնությունը։ Սեպտեմբերի 16-ին Ազգային ժողովի նիստում Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցի քննարկման ժամանակ այս մասին հայտարարել է ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։

Նրա պնդմամբ՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը տնտեսական ահաբեկչություն է իրականացնում։

«Դուք փորձում եք համոզել մարդկանց, թե իբր պայքարում եք կոռուպցիայի դեմ, բայց իրականում դա այդպես չէ։ Վստահ եմ, որ եթե վաղը հնարավորություն ընձեռվի, դուք գործողություն կիրականացնեք այն օլիգարխի դեմ, ով այսօր ձեր սրտով է։ Տնտեսական և իրավական լծակները չի կարելի օգտագործել սեփական քաղաքական ամբիցիաները բավարարելու համար»,- ասել է Խամոյանը։

Պատգամավորը նշել է, որ Հայաստանում այժմ իշխող կուսակցության ներկայացուցիչները ադրբեջանական մամուլի ուրախությունն են ու նրա հերոսները։

«Դուք ադրբեջանական թեզերն ավելի լավ եք հիմնավորում, քան հենց ադրբեջանցիները»,- հավելել է ընդդիմադիր պատգամավորը։