Կալանավորված Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանը ուղերձ է հղել կալանավայրից՝ անդրադառնալով իր նկատմամբ ընտրված խափանման միջոցին, առաջադրված մեղադրանքին և համայնքի հետագա աշխատանքին։

«Սիրելի՛ համաքաղաքացիներ, հարգելի՛ գործընկերներ…

Այսօր ձեզ եմ դիմում մի իրավիճակում, որն, անկասկած, ծանր է ոչ միայն ինձ, այլև ինձ ճանաչող, ինձ հետ աշխատած և իմ գործունեությանը հետևած մարդկանց համար։

Իմ նկատմամբ ընտրվել է կալանավորումը որպես խափանման միջոց, և ինձ առաջադրվել է կոռուպցիոն բնույթի մեղադրանք։

Ուզում եմ հստակ ասել՝ պատրաստվում եմ օրենքով սահմանված կարգով պաշտպանել իմ իրավունքները և վստահ եմ, որ իրավական գործընթացի ընթացքում բոլոր հանգամանքները կպարզաբանվեն, իսկ իրականությունը կստանա իր պատշաճ գնահատականը։

Ես հավատում եմ արդարադատությանը և օրենքով սահմանված գործընթացին։ Չեմ ցանկանում այս պահին որևէ մեկի նկատմամբ մեղադրանք կամ գնահատական հնչեցնել։ Համոզված եմ, որ ճշմարտությունը պետք է հաստատվի ոչ թե խոսքերով, այլ փաստերով և օրենքի շրջանակներում իրականացվող քննությամբ։

Սիրելի՛ գործընկերներ…

Ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ համատեղ աշխատանքի, նվիրվածության և այն ճանապարհի համար, որն անցել ենք միասին։

Խնդրում եմ՝ այս իրավիճակը չդարձնել համայնքի բնականոն աշխատանքը խաթարելու պատճառ։

Մի՛ կանգ առեք։

Շարունակե՛ք աշխատել նույն պատասխանատվությամբ, նվիրվածությամբ և հետևողականությամբ։ Համայնքի խնդիրները չեն կարող սպասել, և մեր բնակիչների բարեկեցությունը պետք է մնա մեր աշխատանքի առաջնային նպատակը։

Այսօր, առավել քան երբևէ, կարևոր է պահպանել միասնականությունը, աշխատանքային կարգապահությունն ու հավատը այն գործի նկատմամբ, որի համար միասին աշխատել ենք։

Միևնույն ժամանակ ուզում եմ դիմել իմ թիմակիցներին։

Սիրելի՛ թիմակիցներ, շարունակե՛ք աշխատել հանուն համայնքի, հանուն մեր բնակիչների և մեր համայնքի բարեկեցության։

Մեր համայնքի բնակիչներին կոչ եմ անում չշտապել եզրակացությունների մեջ, չտրվել չստուգված տեղեկություններին և այս իրավիճակը գնահատել փաստերի ու իրավական գործընթացի արդյունքների հիման վրա։

Թեև այսօր ֆիզիկապես չեմ կարող ձեզ հետ լինել, իմ մտքերն ու սիրտը շարունակում են մնալ մեր համայնքում։

Իմ քաղաքական դիրքորոշումը նույնպես չի փոխվել։ Ես շարունակում եմ մնալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության շարքերում և հավատարիմ եմ այն սկզբունքներին ու արժեքներին, որոնց շուրջ ձևավորվել է մեր քաղաքական թիմը։

Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր այս դժվար պահին պահպանում են հանգստություն, մարդկային վերաբերմունք և վստահություն…»։

Նշենք, որ Մեղրիի համայնքապետը ձերբակալվել է սեպտեմբերի 9–ին, կալանավորվել՝ սեպտեմբերի 10–ին։

«Առանց թույլտվության ընդերքը կամ բնական պաշարներն օգտագործելու, այդ նպատակով կաշառք տալու և ստանալու դեպքերով Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով ձերբակալված Մեղրի համայնքի ղեկավարի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը

Նույն վարույթի շրջանակում ձերբակալված ևս 6 անձանց նկատմամբ որպես խափանման միջոցներ են կիրառվել կալանքը և տնային կալանքը»,- հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից: