ԱՄՆ-ն չեղարկում է բելառուսական երկու ընկերությունների՝ «Լակոկրասկա» ԲԲԸ-ի և «Բելլեսբումպրոմ» կոնցեռնի նկատմամբ սահմանված պատժամիջոցները։ Փոխարենը Բելառուսն ազատ կարձակի 25 կալանավորի։ Մինսկում կայացած բանակցությունների ավարտին այս մասին հայտնել է Բելառուսում ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Ջոն Քոուլը, փոխանցում է «ԲելՏԱ» լրատվական գործակալությունը։
«Բարի կամքի դրսևորմամբ՝ Բելառուսն ազատ է արձակում 25 մարդու, իսկ Միացյալ Նահանգներն իր հերթին հանում է բելառուսական «Լակոկրասկա» և «Բելլեսբումպրոմ» ընկերությունների նկատմամբ սահմանված պատժամիջոցները», — նշել է Քոուլը։
Ազատ արձակվողների անունները դեռ չեն հրապարակվում, սակայն կողմերը պայմանավորվել են շարունակել մնացած հարցերի շուրջ արվող քննարկումները։ Քոուլի խոսքով՝ հետագա համաձայնությունների դեպքում հնարավոր է ազատ արձակվեն նոր խմբեր, ինչպես նաև պատժամիջոցներից ազատվեն բելառուսական այլ ընկերություններ։
Ամերիկացի դիվանագետը հավելել է, որ Մինսկն ու Վաշինգտոնը նախնական համաձայնության են եկել։ Նրա փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել միջազգային իրադրությանը, երկկողմ օրակարգին և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաների։ Քոուլը ընդգծել է, որ կողմերը նկատելի առաջընթաց են գրանցել և պատրաստ են շարունակել համատեղ աշխատանքը։
Բելառուսի իշխանությունների հետ բանակցությունների հերթական փուլը մեկնարկել էր սեպտեմբերի 15-ին։ Նախօրեին Անկախության պալատում Քոուլին ընդունել էր Ալեքսանդր Լուկաշենկոն։
Սա առաջին դեպքը չէ, երբ Քոուլի միջնորդությամբ ընթացող բանակցությունները հանգեցնում են բանտարկյալների ազատ արձակմանն ու ամերիկյան պատժամիջոցների մեղմացմանը։ Մարտին կայացած նախորդ հանդիպումից հետո ԱՄՆ-ն սահմանափակումներից ազատել էր բելառուսական մի շարք կազմակերպությունների ու բանկերի։
Այնուամենայնիվ, «Լակոկրասկայի» և «Բելլեսբումպրոմի» նկատմամբ սահմանափակումների վերացման հստակ ժամկետներ Քոուլն իր հայտարարության մեջ չի նշել։





























