Կարծում եմ, արդեն ամեն ինչ ասված է և միշտ չէ, որ բոլոր ասածները պիտի արձագանք ստանան, պետք է գիտակցենք, թե դա ինչ-որ բան փոխելու է, թե ոչ։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 16–ին, լրագրողների հետ զրույցում նշեց Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի՝ մի քանի դիվանագետների հետ ԼՂ այցին, որի ժամանակ նա հայկական մշակութային ժառանգությունը ներկայացրել է որպես աղվանական:
«Ես կարող եմ հիմա մի հատ սուր բան ասել, ինչ-որ ձևով արձագանքել, մենք բոլորս 15 րոպե մեզ լավ զգանք, բայց բանակցություններին ես դրանով վնաս տամ, իսկ մենք արդեն 100 անգամ ասել ենք, որ պետք է խաղաղությանը խնամքով վերաբերվենք և սա այն դեպքն է, երբ այդ խնամքը պետք է ցույց տալ։
Ոչ մենք իրենց աչքը ունենք՝ տեսնելու, թե իրենք ոնց են տեսնում իր վիճակը, ոչ էլ իրենք մեր աչքը ունեն։ Այո, ես իր հետ կապի մեջ եմ, այո, խոսել եմ այդ թեմայով։ Մենք չենք խոսում այն մասին, թե ով է սխալ, ով է ճիշտ։ Կա իրենց տեսակետը, և կա մեր տեսակետը և իմ աշխատանքի իմաստը այն է, որ այդ տեսակետները նախ չբերել և բախեցնել մեկը մյուսին։ Ես կարող եմ հիմա 10 նախադասություն ասեմ, ասենք՝ ուխ, էս ինչ լավ ասեց, բա հետո՞»,–ասաց նա։
Ճշտող հարցին՝ ինքը Հաջիևին ասե՞լ է, որ Գանձասարը հայկական է, աղվանական չէ, Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Եթե մենք մտնենք էդ խոսակցությունների մեջ, դա մեզ ու՞ր է տանելու, ձեր կարծիքով։ Այսինքն մեր ինքնության պաշտպանությունը դրանով է պայմանավորվա՞ծ։ Մեր ինքնությունը և խաղաղությունը և այն պրոցեսները, որոնք որ տեղի են ունենում, դնել իրար հետ կոնֆլիկտի մեջ, ճիշտ չէ»։
Հարցին՝ Հաջիևի հայտարարությունից հետո՞ է ինքը կապ հաստատել վերջինիս հետ, ԱԽ քարտուղարն ասաց. «Մենք մշտապես կոնտակտի մեջ ենք, ինքը ունի իմ հեռախոսամար, ես ունեմ իր հեռախոսամարը, մենք կարելի է ասել, երկու օրը մեկ խոսում ենք։ Այո, մենք խոսել ենք դրանից հետո, բայց թույլ տվեք մանրամասները չպատմեմ։ Ես նաև ուրիշ մտհոգություն էր արտահայտում, որ պետք է ամեն ինչ արվի, որ պրոցեսին հանկարծակի նման դեպքերը չխանգարեն։ Հիմա էլ եմ կարծում, որ պետք է ամեն ինչ անենք, որ նման իրադարձություններ չխանգարեն»։ Նա հավելեց, որ ինքը գուշակ չէ, որ իմանա՝ այսուհետև նման խոսույթը կկրկնվի, թե ոչ. «Ես կարող եմ մեր քաղաքական դաշտի հետ կապված ինչ-որ կանխատեսում անեմ, բայց իրենց քաղաքական դաշտի հետ, կներեք, չեմ կարող»։
Հիշեցնենք, որ Ազգային ժողովի՝ սեպտեմբերի 14-ի նիստում ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը Հիքմեթ Հաջիևի հայտարարությունները անհիմն էր որակել՝ նշելով, որ դրանք օգտակար չեն խաղաղության խնամքի համատեքստում:











