Սեպտեմբերի 16-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում կայացավ ամենամյա Աշխատանքի տոնավաճառը, որին մասնակցում էին 70-ից ավելի առաջատար գործատուներ՝ ֆինանսաբանկային համակարգի խոշոր կառույցներից մինչև ՏՏ, ապահովագրական ընկերություններ ու պետական մարմիններ։ 

Համալսարանից NEWS.am—ին հայտնում են, որ ՀՊՏՀ աշխատանքի տոնավաճառ այցելեց ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը։ ՀՊՏՀ ռեկտոր Արմեն Գրիգորյանի ուղեկցությամբ նա շրջեց տաղավարներով, ծանոթացավ ներկայացված հնարավորություններին, զրուցեց գործատուների և ուսանողների հետ։ Նախարարն այցելեց նաև տոնավաճառի մասնակից Միասնական սոցիալական ծառայության տաղավար, որտեղ ներկայացված էին զբաղվածության պետական ծրագրերը, մասնագիտական կարողությունների զարգացման ու վերապատրաստման հնարավորությունները, ինչպես նաև e-work.am հարթակի միջոցով աշխատանք փնտրելու և առաջարկելու գործիքները։

ՀՊՏՀ ամենամյա այս խոշոր միջոցառումն այս տարի ոչ միայն թափուր հաստիքներ գտնելու, այլև աշխատաշուկայի իրական անցուդարձին ու միտումներին ծանոթանալու հարթակ էր։ Ավելի քան 5000 ուսանողներ ու աշխատանք փնտրողներ հնարավորություն ունեցան անմիջականորեն զրուցելու ընկերությունների HR մասնագետների հետ և տեղում ծանոթանալու առաջարկվող հնարավորություններին։

Այսպիսով, ՀՊՏՀ աշխատանքի տոնավաճառը դարձավ ոչ միայն հնարավորությունների հարթակ, այլև վստահ քայլ՝ դեպի կարիերայի կառուցում։ Տնտեսագիտական համալսարանը շարունակելու է ընդլայնել գործընկերային ցանցը՝ ապահովելով իր ուսանողների և շրջանավարտների մրցունակությունն աշխատաշուկայում։