Խորվաթիայի զինված ուժերը նախատեսված ժամկետից շուտ ԱՄՆ-ից կստանան ութ HIMARS հրթիռային համալիր և նույնքան նոր Black Hawk ուղղաթիռ։ Դրա մասին հայտարարել է երկրի փոխվարչապետ և պաշտպանության նախարար Իվան Անուշիչը։
Նախարարը, որը այցով գտնվում է Միացյալ Նահանգներում, սեպտեմբերի 15-ին մասնակցել է ամերիկյան զինված ուժերի ներկայացուցիչների հետ հանդիպմանը։ «Ուրախությամբ կարող եմ ասել, որ մենք պայմանավորվել ենք արագացված մատակարարման մասին, և մեկուկես տարուց էլ քիչ անց մեր զինված ուժերի կազմում կունենանք Black Hawk ուղղաթիռներ և HIMARS հրթիռներ»,- ասել է Խորվաթիայի պաշտպանական գերատեսչության ղեկավարը, որի խոսքերը մեջբերում է նախարարության մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ ուղղաթիռներն ու HIMARS համալիրներն ի սկզբանե պետք է մատակարարվեին Խորվաթիային 2028 թվականի երրորդ եռամսյակում, սակայն այժմ մատակարարումը տեղի կունենա 2027 թվականի վերջին կամ 2028 թվականի սկզբին։ Բացի դրանից, եզրափակիչ փուլում են Զագրեբի կողմից HIMARS-ի համար մեծ հեռահարության (մինչև 150 կմ) հրթիռների գնման վերաբերյալ քննարկումները։
Ինչպես նշել է նախարարը, խորվաթական ռազմաօդային ուժերի տրամադրության տակ կա չորս Black Hawk ուղղաթիռ, և եթե այդ թվին ավելացվեն ևս ութը, երկիրը կկարողանա լիարժեք էսկադրիլիա ձևավորել։ Ըստ Անուշիչի՝ այդ ուղղաթիռները կարող են կրել «զինատեսակների լայն շրջանակ և բանակի ու նավատորմի աջակցություն [իրականացնել]»։ Այդ համատեքստում պաշտպանական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ Խորվաթիայում ընթանում է բանակի լայնածավալ արդիականացում, և երկիրը հույս ունի մինչև 2030 թվականն այն վերածել «ժամանակակից և լավ զինված ռազմական ուժի»։




























