ԱՄՆ քաղաքացիների կեսից ավելին այս կամ այն չափով վախենում է, որ արհեստական բանականությունը մի օր կարող է ոչնչացնել մարդկությանը, չորեքշաբթի հաղորդում է Politico-ն։

Պարբերականի հարցման տվյալներով՝ հարցվածների 17%-ը գրեթե լիովին վստահ է, որ դա տեղի կունենա, 20%-ը արհեստական բանականության մեջ լուրջ վտանգ է տեսնում, իսկ 26%-ը՝ չափավոր վտանգ։ Հարցվածների միայն 15%-ն է հայտարարել, որ արհեստական բանականության կողմից մարդկության ոչնչացման վտանգը չափազանց փոքր է, և ընդամենը 7%-ը ենթադրել է, որ վտանգ ընդհանրապես չկա։ Մնացած 15% ամերիկացիները չեն կարողացել պատասխանել հարցին։

Միաժամանակ մտահոգություն են հայտնում ինչպես Հանրապետական, այնպես էլ Դեմոկրատական կուսակցություններին աջակցող ամերիկացիները։ Հանրապետական հայացքներ ունեցող հարցվածների 61%-ը և դեմոկրատական հայացքներ ունեցող հարցվածների 70%-ը այս կամ այն չափով մտահոգված են, որ արհեստական բանականությունն ի վիճակի է ոչնչացնել մարդկությանը։

Այս կապակցությամբ ամերիկացիների 48%-ը հայտարարել է, որ ներկայում արհեստական բանականությունը հասել է զարգացման բավարար մակարդակի, և տեխնոլոգիայի հետագա մշակումը անհրաժեշտ է դադարեցնել՝ հնարավոր ռիսկերը նվազեցնելու համար։ Հարցվածների 31%-ը կարծում է, որ արհեստական բանականության մշակումը պետք է շարունակել, քանի որ տեխնոլոգիան կարող է էական օգուտ բերել։ Հարցման մնացած մասնակիցները չեն կարողացել պատասխանել հարցին։

Հարցումն անցկացվել է սեպտեմբերի 13-15-ը, դրան մասնակցել է 2064 մարդ։

Անցյալ շաբաթ արհեստական բանականություն մշակող մի շարք ամերիկյան ընկերությունների ղեկավարներ կարծիք են հայտնել, որ արհեստական բանականության հետագա զարգացման աշխատանքները պետք է դանդաղեցնել։ Նրանց կարծիքով՝ դա ժամանակ կտար համոզվելու, որ ապագայում այդ տեխնոլոգիաները կմնան անվտանգ մարդկանց համար։ Մասնավորապես, Anthropic-ի ղեկավար Դարիո Ամոդեին հայտարարել է, թե կողմ է, որ անկախ աուդիտորներն ուսումնասիրեն ընկերությունների անվտանգության ստանդարտները։ Նա միաժամանակ անհրաժեշտ է համարում միջազգային համագործակցության հաստատումը, որպեսզի համաձայնեցվեն արհեստական բանականության մշակման ընդհանուր կանոնները։

Այս թեման լայն արձագանք է ստացել քաղաքական աշխարհում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վստահեցրել է, որ արհեստական բանականության մեջ որևէ սպառնալիք չի տեսնում։ Նրա ընդդիմախոսները Դեմոկրատական կուսակցությունից, հակառակը, կոչ են արել միջոցներ ձեռնարկել արհեստական բանականության մշակման նկատմամբ վերահսկողությունն ուժեղացնելու համար։