Եվրամիությունը ծրագրում է արգելել 13 տարեկանից փոքր երեխաներին օգտվել սոցիալական ցանցերից։ Դրա մասին Ստրասբուրգում հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ Համապատասխան օրինագիծը ԵՀ-ն մտադիր է ներկայացնել սեպտեմբերի 17-ին։ Առաջարկվող կանոնները նախատեսում են նաև մի շարք այլ սահմանափակումներ՝ կախված երեխայի տարիքից։

13-15 տարեկան երեխաներին կթույլատրեն օգտվել սոցիալական ցանցերում հարմարեցված հաշիվներից՝ ժամանակային սահմանափակումներով, սակայն նման հաշիվները պետք է ստեղծեն և վերահսկեն ծնողները։ 15-18 տարեկան օգտատերերի համար սոցիալական ցանցերը պետք է ապահովեն իրենց ծառայությունների անվտանգ դիզայնը, իսկ անչափահասների համար դրանց անվտանգության ապացուցման պարտավորությունը կդրվի տեխնոլոգիական ընկերությունների վրա։ «Երեխաներին զրկում են մանկությունից»,- ասել է ֆոն դեր Լայենը։ Ըստ նրա՝ երեխաներին ժամանակ է պետք, որպեսզի «զգան, ինքնուրույն որոշումներ ընդունեն և պարզապես ձանձրանան»։ «Բայց եթե երեխան ունի սմարթֆոն, նա զրկվում է այդ ամենից»,- ըստ DW-ի՝ պարզաբանել է Եվրահանձնաժողովի նախագահը։

Հուլիսին Ֆրանսիայի Ազգային ժողովը հավանություն է տվել օրենքին, որը 15 տարեկանից փոքր երեխաներին արգելում է օգտվել սոցիալական ցանցերից։ Այժմ փաստաթուղթը պետք է անցնի Սահմանադրական խորհրդի ստուգումը, այնուհետև այն պետք է ստորագրի նախագահ Էմանուել Մակրոնը, որը պաշտպանել է այդ նախաձեռնությունը։ Եթե օրենքը ուժի մեջ մտնի, Ֆրանսիան կդառնա ԵՄ առաջին երկիրը, որտեղ օրենսդրորեն կարգելվեն սոցիալական ցանցերը 15 տարեկանից փոքր օգտատերերի համար։

Երեխաների համար սահմանափակումներ նախատեսում են մտցնել նաև ԵՄ մյուս երկրները, դրանց թվում՝ Հունաստանը և Իսպանիան։ Մեծ Բրիտանիայում վարչապետ Քիր Սթարմերը հունիսին հայտարարել է 2027 թվականի գարնանից մինչև 16 տարեկան անձանց համար սոցիալական ցանցերից օգտվելն արգելելու ծրագրերի մասին։ Սահմանափակումները պետք է տարածվեն YouTube-ի, Facebook-ի, X-ի, Snapchat-ի, TikTok-ի և Instagram-ի , բայց ոչ WhatsApp և Signal մեսենջերների վրա։ 16 տարեկանից փոքր երեխաներին սոցիալական ցանցերում գրանցվելն արգելած առաջին երկիրը դարձել է Ավստրալիան. համապատասխան սահմանափակումները սկսել են գործել անցյալ տարվա դեկտեմբերից։