Օգոստոսի 26-ին Նեպալում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղի զոհ է դարձել 1403 մարդ։ Տվյալները հայտնել են աղետների ռիսկերի նվազեցման և հետևանքների վերացման ազգային վարչությունից։

Վերջին տվյալներով՝ անհայտ կորած է համարվում 6150 մարդ։ Նրանց թվում ավելի քան 600-ն օտարերկրացիներ են։ ՌԴ դեսպանատան տրամադրության տակ եղած անհայտ կորածների ցանկերում 11 ռուսաստանցի կա։

Փրկարարները շարունակում են մաքրել փլատակներն ու ջրածածկ տարածքները։ Անցած շաբաթների ընթացքում փրկվել է ավելի քան 13,7 հազար մարդ։

Օգոստոսի վերջին Նեպալի հյուսիսում հզոր ջրհեղեղ էր առաջացել։ Տարերային աղետի պատճառը Չինաստանի հետ սահմանին ձնահյուսի սահքն էր՝ «Ռասուվագադհի» սահմանային անցակետից մոտ 20 կմ հյուսիս-արևելք։ Լեռնային ապարների հոսքն ահռելի արագությամբ գետի հունով անցել է ավելի քան 70 կմ՝ իր ճանապարհին ավերելով բնակավայրերը և ջրածածկելով մեծ տարածք։