Ճապոնիայում 100 և ավելի տարեկան բնակիչների թիվը երկրի պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 100 հազարը և հասել գրեթե 107,7 հազար մարդու։ Այս տվյալները հրապարակել է Ճապոնիայի առողջապահության, աշխատանքի և բարեկեցության նախարարությունը (Ministry of Health, Labour and Welfare of Japan)՝ Ավագների մեծարման օրվան ընդառաջ, որը նշվում է սեպտեմբերի 21-ին։
Երկարակյացների թիվը երկրում անընդհատ աճում է արդեն 56 տարի։ 100 տարեկանից բարձր Ճապոնիայի բնակիչների 87,6%-ը կանայք են։ Երկրի ամենատարեց բնակչուհին շարունակում է մնալ Կիոտոյից 114-ամյա Ֆուեսա Կիսիմոտոն։
Այժմ Ճապոնիայի յուրաքանչյուր 100 հազար բնակչին բաժին է ընկնում 100 և ավելի տարեկան ավելի քան 87 մարդ։ Կյանքի տևողության աճն ուղեկցվում է բնակչության ծերացման արագացմամբ և ստեղծում է լրացուցիչ սոցիալ-տնտեսական խնդիրներ։
Մասնավորապես, կրճատվում է աշխատունակ տարիքի մարդկանց բաժինը, որոնք կազմում են հարկային մուտքերի զգալի մասը։ Միաժամանակ աճում են տարեցների բժշկական օգնության և սոցիալական ապահովության ծախսերը։
Ճապոնիայում երկարակյացների բարձր բաժինը գործոնների բարդ համակցության արդյունք է՝ սննդակարգի և կենսակերպի առանձնահատկություններից մինչև առողջապահության զարգացած համակարգ։ Ավանդական ճապոնական սննդակարգը պարունակում է քիչ կարմիր միս, շաքար, աղ և խորը վերամշակման ենթարկված մթերքներ։ Այդպիսի դիետան ցածր կալորիական է, հավասարակշռված և նվազեցնում է ճարպակալման, շաքարախտի և սրտանոթային հիվանդությունների ռիսկը։




























