Չիկագոյում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախաշեմին ձերբակալել են երեք երիտասարդի, որոնք կասկածվում են այաբեկչության նախապատրաստման մեջ:

Ինչպես հաղորդում է «Վեստին»,  20-ամյա Բրայան Չերչը, 24-ամյա Ջարեդ Չերչը եւ 24-ամյա Բրենտ Բեթերլին  «հարձակում են նախատեսել քաղաքի մի քանի օբյեկտների վրա»: Ըստ դատախազության` երիտասարդները մոլոտովյան կոկտեյլներ են պատրաստել` մտադրություն ունենալով դրանք օգտագործել առաջիկա հանգստյան օրերին տեղի ունենալիք ակցիայի ժամանակ: Բոլոր երեքին մեղադրանք է առաջադրվել:

Ըստ DPA-ի, մասնավորապես հարձակում է նախատեսվել Չիկագոյի քաղաքապետի տան, ոստիկանական չորս բաժանմունքների, ինչպես նաեւ ֆինանսական մեկ ընկերության գրասենյակի վրա:

Ձերբակալվածներն իրենց մեղքն ամբողջությամբ ժխտում են, իսկ նրանց փաստաբանները դա համարում են «սարքված» գործ` հազարավոր ցուցարարներին վախեցնելու համար:

Ինչպես տեղեկացրել էր  NEWS.am-ը, Չիկագոյում, որտեղ մայիսի  20-ին աշխատանքներն է սկսել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը,  բողոքի ակցիա է տեղի ունեցել, որին մասնակցել է ավելի քան  2,5 հազ. մարդ: