Միջնադարյան խոշորագույն գիտնական Անանիա Շիրակացու 1400-ամյակի  հոբելյանական միջոցառումների շրջանակում ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանում սեպտեմբերի 24-28-ին կկազմակերպվի «Աստղագիտական ժառանգությունը ազգային մշակույթում» թեմայով միջազգային պատմաաստղագիտական գիտաժողովը, որը նվիրված կլինի ինչպես Շիրակացու աստղագիտական ժառանգությանը, այնպես էլ Հայաստանում աստղագիտական արժեք ներկայացնող նյութական և ոչ նյութական հուշարձանների ուսումնասիրությանը:

Ինչպես NEWS.am-ին հայտնեցին Հայկական աստղագիտական ընկերությունից,  մինչ այդ, Բյուրականի աստղադիտարանում սեպտեմբերի 15-23-ին կկազմակերպվի երիտասարդ աստղագետների միջազգային դպրոց, տարվա ընթացքում կիրականացվի Հայաստանի պատմաաստղագիտական ժառանգության ուսումնասիրություն և համակարգում, կհրատարակվեն մի շարք գրքեր: ՀՀ ԳԱԱ «Գիտության աշխարհում» հանդեսի մի համարն ամբողջովին նվիրվելու է Անանիա Շիրակացուն, իրականացվելու են նաև Շիրակացու թվային շտեմարանի և կայքի ստեղծում, հասարակությանը Շիրակացու աշխատանքներին ծանոթացնելու նպատակով մի շարք հանդիպումներ դպրոցներում ու բուհերում, ինչպես նաև այլ միջոցառումներ:

Հիշեցնենք, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն նշանավոր անձանց հոբելյանների 2012թ. ցանկում ընդգրկել է նաև Անանիա Շիրակացու 1400-ամյակը:  ՀՀ վարչապետի գլխավորությամբ ստեղծվել է հոբելյանական հանձնաժողով: