Եվրոպայում մեկ շաբաթվա ընթացքում արդեն երկրորդ անգամ հրդեհ է բռնկվում Ուկրաինային զինամթերք մատակարարող ռազմական գործարանում։ Չորեքշաբթի օրը՝ սեպտեմբերի 16-ին, կրակն ընդգրկել է Սլովակիայի Սնինա քաղաքում գտնվող ZVS Holding-ի արտադրամասը։ Պատահարի մասին առաջինը հայտնել է Facebook-ի Dianie v Snine էջը։ Կարճ ժամանակ անց քաղաքապետարանը բնակիչներին հորդորել է չմոտենալ տարածքին և հրդեհաշիջման ընթացքում դուրս չգալ փողոց։
ZVS Holding-ը ներառող CSG հոլդինգի մամուլի քարտուղար Անդրեյ Չիրտեկը Novinky պարբերականին հայտնել է, որ հրդեհը բռնկվել է շենքի տանիքին, երբ վարձու կազմակերպությունը վերանորոգման աշխատանքներ էր իրականացնում։ Աշխատակիցներին անմիջապես տարհանել են, տուժածներ չկան։ Կրակը հաջողվել է մեկուսացնել մոտ երկու ժամ անց։ «Միջադեպի պատճառով արտադրամասի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է։ Վնասի չափերն ու հրդեհի պատճառները դեռ պետք է պարզվեն», — նշել է Չիրտեկը՝ հավելելով, որ մինչև քննության ավարտը ընկերությունն այլ մանրամասներ չի հայտնի։
ZVS Holding-ը պատկանում է MSM Group-ին, որն իր հերթին միլիարդատեր Միխալ Ստրնադի չեխական Czechoslovak Group (CSG) արդյունաբերական հոլդինգի մասն է։ Ընկերությունը խոշոր ու միջին տրամաչափի զինամթերք է արտադրում տանկերի, հրետանու և հրթիռային համակարգերի համար, ինչպես նաև ականանետային արկեր ու բաղադրիչներ։ Սլովակիայի արևելքում գտնվող Սնինայի գործարանը մասնագիտացված է արկերի, այդ թվում՝ 155 մմ հրետանային արկերի կորպուսների թողարկման մեջ։ Ձեռնարկության արտադրանքն ուղղվում է նաև Ուկրաինայի զինված ուժերի կարիքներին։




























