Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Սյուզի Ուայլսը չորեքշաբթի հայտարարել է, որ ախտորոշումից կես տարի անց ապաքինվել է քաղցկեղից։
Այն մասին, որ Ուայլսի մոտ կրծքագեղձի քաղցկեղ է ախտորոշվել, մարտին առաջինը հայտնել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Երախտագիտությամբ ցանկանում եմ կիսվել անձնական մի քանի նորություններով։ Այս շաբաթ Մայո կլինիկա կատարած այցից հետո ախտաբանական հետազոտություններիս արդյունքները հաստատվեցին․ ես ազատվել եմ քաղցկեղից», — X սոցիալական ցանցում գրել է նա։
Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարը նաև շնորհակալություն է հայտնել հարազատներին, ընկերներին ու բժիշկներին՝ ցուցաբերած աջակցության համար։
«Առանձնահատուկ շնորհակալություն նախագահ Թրամփին՝ իր անսասան աջակցության համար։ Խորապես շնորհակալ եմ և կշարունակեմ աշխատել նրա «Ամերիկան՝ բոլորից առաջ» ծրագրի առաջմղման ուղղությամբ», — հավելել է Ուայլսը։
CBS հեռուստաալիքի տվյալներով՝ այս շաբաթ բժշկական միջամտություններն անցնելուց հետո 69-ամյա Ուայլսը գրեթե անմիջապես վերադարձել է Սպիտակ տուն՝ իր աշխատանքին, անցկացնելով աշխատանքային հանդիպումներ ու զանգեր։




























