Սեպտեմբերի 16-ին Երևանում տեղի են ունեցել Հայաստանի Հանրապետության և Իտալիայի Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև հերթական քաղաքական խորհրդակցությունները՝ ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարի տեղակալ Էդմոնդո Չիրիելիի գլխավորությամբ։ Այդ մասին NEWS.am—ին հայտնում են ԱԳՄԱՆ-ից։

Զրուցակիցները բարձր են գնահատել Հայաստանի և Իտալիայի միջև ակտիվացող քաղաքական երկխոսությունը։ Այս համատեքստում նշվել է նաև այս տարվա մայիսին Երևանում կայացած Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնիի մասնակցության կարևորությունը։

Քննարկվել են Հայաստան-Իտալիա երկկողմ օրակարգի մի շարք ուղղություններ, այդ թվում՝ զարգացման համագործակցության ոլորտում փոխգործակցության ընդլայնման հեռանկարները։

Հայաստանի արտաքին տնտեսական կապերի և արտահանման շուկաների դիվերսիֆիկացման համատեքստում զրուցակիցները քննարկել են Հայաստան-Իտալիա առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման, փոխադարձ ներդրումների խրախուսման և երկու երկրների գործարար շրջանակների միջև ուղիղ կապերի ամրապնդման հնարավորությունները։ Կարևորվել է առկա տնտեսական ներուժի առավել լիարժեք օգտագործումը՝ հաշվի առնելով նաև ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության ընդլայնված գործառույթները տնտեսական դիվանագիտության ոլորտում։

Վահան Կոստանյանը ողջունել է իտալական կողմի որոշումը Երևանում Իտալիայի զարգացման համագործակցության գործակալության (AICS) տարածաշրջանային գրասենյակ բացելու վերաբերյալ՝ ընդգծելով, որ այն երկու երկրների միջև երկարաժամկետ գործընկերության կարևոր հանձնառություն է։ Բարձր է գնահատվել նաև տեղահանված անձանց 2 մլն եվրոյի չափով աջակցության տրամադրման վերաբերյալ Իտալիայի որոշումը։

Անդրադարձ է կատարվել նաև ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը և այս ուղղությամբ Հայաստան-Իտալիա համագործակցության հետագա զարգացման հնարավորություններին։

Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային զարգացումների շուրջ։ Վահան Կոստանյանն իտալացի գործընկերոջն է ներկայացրել Հարավային Կովկասում խաղաղության ամրապնդմանն ուղղված վերջին զարգացումները և Վաշինգտոնյան համաձայնություններից հետո ձևավորված դրական դինամիկան՝ անդրադառնալով նաև տարածաշրջանային փոխկապակցվածության զարգացման և տնտեսական համագործակցության ընդլայնման նոր հնարավորություններին, այդ թվում՝ ԹՐԻՓՓ նախագծի իրականացման շրջանակում։