Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, հերթական արտակարգ դեպքն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 08:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սևանի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Սևան խոշորացված համայնքի Ծաղկունք բնակավայրում գայլերի հարձակման հետևանքով մեծ թվով գառներ, այդ թվում՝ մայրացու,  ու ոչխարներ են սատկել, հաղորդում է Shamshyan.com—ը։

Տեղում պարզվել է, որ ստացված տեղեկությունը հավաստի է, և ըստ գյուղացիների հայտնածի՝ գայլերի հարձակման հետևանքով մոտ 250-300 գառներ ու ոչխարներ սատկել են։

Ժամանել են Սևանի քաղաքապետարանի աշխատակիցները, որոնք Ծաղկունք գյուղի վարչական ղեկավար Սասուն Մինասյանի գլխավորությամբ ճշտում են հանգամանքները։

Դեպքի փաստով ոստիկանության Սևանի բաժնում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզում են գառների սեփականատիրոջ կամ սեփականատերերի ինքնությունը։

Կայքը հայտնում է, որ սա առաջին դեպքը չէ, երբ նշված գյուղում գայլերի մասնակցությամբ նման աղետ է տեղի ունենում․ այս տարվա հունիսի 6-ին նույնպես գայլերի հարձակում էր տեղի ունեցել, ինչի հետևանքով 300-ից ավել գառներ ու ոչխարներ սատկել էին։