Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը կարծում է, որ արհեստական բանականության (ԱԲ) մշակողները պետք է անեն ամեն ինչ, որպեսզի մարդկությունը չկորցնի իր ճակատագրի նկատմամբ ունեցած վերահսկողությունը։ Այս մասին ասվում է նրա ելույթի հատվածներում, որով միապետը սեպտեմբերի 17-ին Շոտլանդիայի Դամֆրիս-հաուս առանձնատանը դիմել է ոլորտի խոշոր ընկերությունների ներկայացուցիչների հետ հանդիպման մասնակիցներին։

«Արհեստական բանականության զարգացումը՝ ինչպես դրա բովանդակությունը, այնպես էլ տեմպերը, հավասարապես մեծ հետաքրքրություն և խոր անհանգստություն են առաջացնում։ Նրանք, ովքեր մեր աշխարհում արժևորում են մարդկային բնույթն ու դրա կարևորագույն բարոյական բաղադրիչը, տագնապով սպասում են ձեր հավաստիացումներին առ այն, որ մենք չենք կորցնի սեփական ճակատագրի նկատմամբ վերահսկողությունը»,- Չարլզ III-ի խոսքերը մեջբերում է Sky News հեռուստաալիքը։

Բրիտանացի միապետի համոզմամբ՝ «այս բեկումնային շրջանում կայացվող որոշումները կհստակեցնեն, թե ինչպիսին է լինելու ապագա սերունդներին ժառանգվող աշխարհը»։ «Ուստի ձեր առջև ծառացած խնդիրը ոչ միայն տեխնոլոգիաներ զարգացնելն է, այլև երաշխավորելը, որ դրանք շարունակելու են ծառայել մարդկության, հասարակության և բնության շահերին»,- նշված է նրա ուղերձում։

Հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիայի ղեկավարը երկու հարց է ուղղելու հանդիպման մասնակիցներին, որոնց թվում հրավիրված են չիպեր արտադրող ամերիկյան առաջատար Nvidia ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգը, Google DeepMind-ի հիմնադիր և տնօրենների խորհրդի նախագահ Դեմիս Հասաբիսը, IonQ-ի տնօրենների խորհրդի նախագահ և գործադիր տնօրեն Նիկոլո դե Մասին, ինչպես նաև արհեստական բանականության հարցերով Վատիկանի խորհրդական Պաոլո Բենանտին։