ExPace Technology ընկերությունը հաջողությամբ ուղեծիր է դուրս բերել Երկրի հեռահար զոնդավորման երկու SpaceTY արբանյակները։ Այս մասին հայտնել է Չինաստանի աերոտիեզերական գիտության և արդյունաբերության կորպորացիան (CASIC), որի կազմի մեջ է մտնում նաև նշված ձեռնարկությունը։

Ինչպես հստակեցվում է WeChat-ում, Kuaizhou-11 կրիչ հրթիռի արձակումը, որի օգնությամբ ուղեծիր են ուղարկվել SpaceTY-ի 51 և 52 համարների տիեզերական ապարատները, տեղի է ունեցել հինգշաբթի օրը՝ Պեկինի ժամանակով 10:40-ին (Մոսկվայի ժամանակով՝ 05:40-ին), Ցզյուցզյուան տիեզերակայանից (Հյուսիսային Չինաստան)։

1,25 հազար կիլոնյուտոն մեկնարկային քարշուժով պինդ վառելիքային քառաստիճան Kuaizhou-11-ն ունի 25 մետր երկարություն և ունակ է ցածր մերձերկրյա ուղեծիր հասցնել մինչև 1,5 տոննա օգտակար բեռ (մինչև 1 տոննա՝ 700 կմ բարձրությամբ արևասինխրոն ուղեծիր)։ Սա նրա 7-րդ առաքելությունն է, որից 3-րդը՝ 2026 թվականին։

Պեկինն ակտիվորեն զարգացնում է ազգային տիեզերական ծրագիրը՝ ստեղծելով օդերևութաբանական, հեռահաղորդակցային և նավիգացիոն արբանյակներ, ինչպես նաև Լուսնի հետազոտման համար նախատեսված տեխնոլոգիաներ։ Պետության աջակցությամբ չինացի մասնագետները մշակում են աստերոիդների և Մարսի ուսումնասիրության հնարավորությունները։ Երկրի ուղեծրում գործում է ՉԺՀ տիեզերական կայանը, որը նախատեսված է նաև միջազգային համագործակցության համար։ 2025 թվականին Չինաստանն իրականացրել է 92 արձակում՝ սահմանելով սեփական ռեկորդը։