Անկարան հույս ունի, որ Ֆրանսուա Օլանդի իշխանության գալը նոր ազդակ կհաղորդի Թուրքիայի եւ Եվրամիության հարաբերություններին: Այս մասին ֆրանսիական «Le Figaro» -ում գրում է վերլուծաբան Լորա Մարշանը:  

Ըստ նրա` այսօր Փարիզն ու Անկարան ընդառաջ քայլ են կատարում:«Ֆրանսիայի նորընտիր նախագահ Օլանդը եւ նրա թուրք գործընկեր Աբդուլա Գյուլը  պետք է հանդիպեն Չիկագոյում բացված ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում: Այս շփումը վկայում է երկկողմ հարաբերություններն ակտիվացնելու կողմերի պատրաստակամության մասին: Դրանց վատթարացումը պայմանավորված էր Սարկոզիի կտրուկ դիրքորոշմամբ` Թուրքիայի ԵՄ անդամակցության հարցում, ինչպես նաեւ թուրքական զգայունությամբ», -գրում է հեղինակը:

Նա նշում է, որ Թուրքիայում տրամադրությունների փոփոխության մասին է վկայում երկրի քաղաքական օրակարգը, որն այս շաբաթ «եվրոպական գույն»  ուներ: Խորհրդարան են ուղարկվել մի քանի օրինագծեր, մասնավորապես, օմբուդսմենի ինստիտուտի ստեղծման մասին օրինագիծը: Բրյուսելը երկար ժամանակ էր պահանջում այդ փոփոխությունները:Չնայած այս ամենին, ըստ հեղինակի, նախագահ Օլանդը շատ զգուշավոր է Թուրքիայի հնարավոր անդամակցության հարցում:  Նա այդ թեման շրջանցել էր իր ընտրաշավի ժամանակ` նշելով, որ այն հրատապ չի լինի իր մանդատի ժամանակահատվածում: «Սակայն թուրքական կառավարությունը ցանկանում է այնպիսի շրջան ստեղծել, որը թույլ կտա դուրս բերել բանակցությունները փակուղուց: Անկարան հույս ունի, որ Փարիզը որոշ գլուխների վրայից կհանի վետոն: Վերջինը դրվել էր 2010 թ. հունիսին»,-գրում է Մարշանը:

Թուրքական մայրաքաղաքում արդեն նկատելի է երկկողմ հարաբերությունների հարցում մթնոլորտի փոփոխություն: Օլանդի հանդիպումից հետո ֆրանսիացի դիվանագետները դրական պատասխաններ են ստանում իշխանությունների հետ հանդիպումների խնդրանքներին:«Չնայած այս ակնհայտ լիցքաթափմանը, մամուլը երկու կառվախնձոր է նշում:  Թուրքական «Milliyet»-ը նոր արտգործնախարար Լարան Ֆաբիուսին համարում է «Թուրքիայի թշնամի»` արտոնյալ գործընկերության օգտին նրա ելույթների պատճառով: Բացի այդ, թշնամություն կարող է առաջացնել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նոր օրենքը»,-եզրափակում է հեղինակը: