Սերբիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում, որոնք կայացել են մայիսի 20-ին, առաջատարն է նախկին ազգայնական Տոմիսլավ Նիկոլիչը:
Ըստ Սերբիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի` 40,67% քվեաթերթկների հաշվարկից հետո հանգուցյալ Սլոբոդան Միլոշեւիչի երբեմնի համախոհ, իսկ այժմ ընդդիմադիր Սերբական առաջադեմ կուսակցության նախագահ Նիկոլիչը հավաքում է ձայների 50,21%-ը: Նրա հակառակորդ, դեմոկրատական ուժերի կոալիցիայի թեկնածու Բորիս Տադիչը, որը համարվում էր նախագահական մրցապայքարի առաջատարը, հավաքում է 46,77%: Մինչդեռ հասարակական կարծիքի հարցումները Տադիչին կանխորոշել էին հաղթանակ:
Տադիչն ընդունել է իր պարտությունը, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Քվեարկության պաշտոնական արդյունքները կհրապարակվեն այսօր` մայիսի 21-ին: Այդ նույն օրն էլ կսկսվեն բանակցություններ նոր կառավարության ձեւավորման վերաբերյալ:
Հիշեցնենք, որ մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններին հաղթել էր Սերբիական առաջադիմական կուսակցությունը, որը գլխավորում է Տ. Նիկոլիչը: Սակայն Բ. Տադիչի Դեմոկրատական կուսակցությունն ստեղծել էր նախնական կոալիցիա սոցիալիստների հետ միասին, որը նրանց ավելի շատ տեղ կտա խորհրդարանում եւ թույլ կտա վարչապետ նշանակել:
Ինչպես նշում է rbc-ն, ըստ Սերբիայի սահմանադրության, վարչապետի իրավասությունները գերազանցում են նախագահինը: Սակայն Բ. Տադիչն արդեն հայտարարել է, որ վարչապետ չի դառնա Տ. Նիկոլիչի նախագահության օրոք:




























