Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ շարունակվում են հսկողական աշխատանքները՝ հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառման կանոնների, վարձու աշխատողի չձևակերպման և «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտման դեպքերի բացահայտումների ուղղությամբ։ Կարևոր է հիշել, որ հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառումը պարտադիր է ապրանք վաճառելիս, ծառայություն մատուցելիս կամ աշխատանք կատարելիս կանխիկ դրամով կամ վճարային քարտերի միջոցով վճարում ընդունելու դեպքում, իսկ վարձու աշխատողին աշխատանքի ընդունելիս հարկ վճարողը պարտավոր է ապահովել այդ մասին անհատական իրավական ակտի ընդունումը կամ գրավոր պայմանագրի կնքումը, նոր աշխատողի համար՝ սահմանված ժամկետում գրանցման հայտի ներկայացումը հարկային մարմին, կամավոր աշխատողի դեպքում՝ պայմանագրի կնքումը: Հսկիչ դրամարկղային մեքենաներ կիրառելու պարտավորություն ունեցող հարկ վճարողները, «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի համաձայն, պարտադիր պետք է ապահովեն վճարային քարտերի միջոցով անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն և հետևողական լինեն օրենքի պահանջների կատարման նկատմամբ։ Իրավախախտումների կանխարգելումը, բացահայտումը և օրենքի պահանջների նկատմամբ հսկողությունը կարևոր են յուրաքանչյուր քաղաքացու, աշխատողի, ինչպես նաև օրենքի դաշտում գործող բիզնեսի համար։

Ներկայացվում են ՊԵԿ հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության  կողմից 2026 թվականի օգոստոս ամսվա ընթացքում իրականացված և ավարտված հսկողական աշխատանքների արդյունքները․

Հարկ վճարողների մոտ արձանագրվել է հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման 363 դեպք, իսկ տուգանքի չափը կազմել է  134.3 մլն դրամ։ ՀԴՄ կիրառման կանոնների խախտման դեպքերն արձանագրվել են հիմնականում հետևյալ ոլորտներում

·         մթերային խանութներում՝ 54 խախտում, տուգանքի չափը՝ 33.5 մլն դրամ,

·         հանրային սննդի ոլորտում՝ 53  խախտում, տուգանքի չափը՝ շուրջ 19.9 մլն դրամ, 

·         մրգի և բանջարեղենի առևտրի ոլորտում՝ 47 խախտում, տուգանքի չափը՝ շուրջ 13.6 մլն դրամ,

·         հացի կամ հացաբուլկեղենի արտադրության ոլորտում՝ 36 խախտում, տուգանքի չափը՝ 8.7 մլն դրամ,

·         հագուստի, կոշիկի  և գործվածքների առևտրի ոլորտում՝ 22 խախտում, տուգանքի չափը՝ 4.9 մլն դրամ,

·         հեղուկ և կոշտ վառելիքի առևտրի ոլորտում՝ 15 խախտում, տուգանքի չափը՝ շուրջ 15.7 մլն դրամ,

·         մսամթերքի առևտրի ոլորտում՝ 14 խախտում, տուգանքի չափը՝ 3.9 մլն դրամ,

·         շինանյութի առևտրի ոլորտում՝ 11 խախտում, տուգանքի չափը՝ 2.6 մլն դրամ,

·         տնտեսական ապրանքների խանութներում`  11 խախտում, տուգանքի չափը՝ շուրջ 6.3 մլն դրամ,

·         այլ ոլորտներում` 100 խախտման դեպք, տուգանքի չափը՝ շուրջ 25.2 մլն դրամ։   

Հարկ վճարողների մոտ արձանագրվել է նաև  վարձու աշխատողի չձևակերպման 72 դեպք, չձևակերպված վարձու աշխատողների թիվը կազմել է  317, իսկ տուգանքի չափը՝  շուրջ 79.3 մլն դրամ։ Վարձու աշխատողի չձևակերպման դեպքերն արձանագրվել են մասնավորապես․

·         հանրային սննդի ոլորտում՝ 12 խախտում, չձևակերպված վարձու աշխատողների թիվը՝ 58, տուգանքի չափը՝ 14.5 մլն դրամ, 

·         շինարարություն ոլորտում՝ 11 խախտում, չձևակերպված վարձու աշխատողների թիվը՝ 155, տուգանքի չափը՝ շուրջ 38.8 մլն դրամ,

·         այլ ոլորտներում, ընդհանուր առմամբ՝ 49 խախտում, չձևակերպված վարձու աշխատողների թիվը՝ 104, տուգանքի չափը՝  26 մլն դրամ։

«Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտման մասով  հարկ վճարողների մոտ արձանագրվել է  27 դեպք: Արդյունքում, հարկ վճարողներին ընդհանուր առմամբ առաջադրվել է 10.3 մլն  դրամի չափով տուգանք: Խախտումներն արձանագրվել են հետևյալ ոլորտներում․

·         մթերային խանութներում՝ 5 խախտում, տուգանքի չափը՝ 1.9 մլն դրամ,

·         ատամնաբուժարանի ոլորտում՝ 4 խախտում, տուգանքի չափը՝ 2 մլն դրամ,

·         հանրային սննդի ոլորտում՝ 4 խախտում, տուգանքի չափը՝ 1.4 մլն դրամ,

·         այլ ոլորտներում`  14 խախտում, տուգանքի չափը՝ 5 մլն դրամ։

Միաժամանակ, Կոմիտեն հայտնում է, որ ներկայացված տեղեկատվությունում հաշվի չեն առնվել ստուգման ակտերի վարչական կամ դատական կարգով հնարավոր վիճարկման արդյունքները:

ՊԵԿ-ը հորդորում է հարկ վճարողներին դրսևորել հարկային կարգապահություն և հետևել օրենքի պահանջներին՝ նպաստելով կայուն և վստահելի բիզնես միջավայրի ապահովմանը։