Հայաստանի Ազգային ժողովի ընտրությունների անցկացման համար ձևավորվել էր 2005 տեղամաս, որոնցից 9-ը տեղակայված էին քրեակատարողական հիմնարկներում, իսկ 1996-ը սովորական ընտրական տեղամասեր էին։ Սեպտեմբերի 17-ին Ազգային ժողովի նիստում՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության հաշվետվության քննարկման ժամանակ, այս մասին հայտարարեց ԿԸՀ ղեկավար Վահագն Հովակիմյանը։

Նրա խոսքով՝ քվեարկության օրը 2005 ընտրական տեղամասերում ընտրությունների կազմակերպմանը մասնակցել է ընտրական հանձնաժողովների 15 915 անդամ։

ԿԸՀ ղեկավարը, մասնավորապես, ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ առաջիկայում որևէ համապետական գործընթացի անցկացման դեպքում ԱԺ-ում գործող երեք խմբակցություններից միայն իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանձնաժողովի պոտենցիալ անդամների թիվը կարող է կազմել 4000։

«Այս պահին «Քաղաքացիական պայմանագիրն» ունի համապատասխան վկայական ունեցող հանձնաժողովի 3772 պոտենցիալ անդամ, որոնց կարող է նշանակել։ «Հայաստան» դաշինքինը 2480 մարդ է։ Այսինքն՝ խորհրդարանական խմբակցությունը պետք է ունենա հանձնաժողովների առնվազն 4000 անդամ, ինչն, ըստ էության, չկա։ Ինչ վերաբերում է «Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր դաշինքի խորհրդարանական խմբակցությանը, ապա թեև հուլիսի 14-ից օգոստոսի 14-ը հայտեր էինք ընդունում, որպեսզի սեպտեմբերից նրանք կարողանային նոր ուսուցում և ատեստավորում անցնել, ցավոք, «Ուժեղ Հայաստանի» հայտով ատեստավորման է ներկայացվել ընդամենը 174 քաղաքացի։ Սակայն խնդիրն այն է, որ տեղական ինքնակառավարման մարմինների առաջիկա ընտրություններում դուք՝ երեք խմբակցություններդ, Ընտրական օրենսգրքի համաձայն, պետք է նշանակեք երկուական անդամ՝ այդ թվում նախագահներ և քարտուղարներ»,- ասաց Հովակիմյանը։

Միևնույն ժամանակ, ինչպես նշեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը, տեղամասային ընտրական հանձնաժողովների 16 հազար անդամներից դասընթացներին մասնակցել է 14 874 մարդ, ինչը, նրա խոսքով, վատ է, քանի որ, չնայած խմբակցություններին ուղղված ԿԸՀ բոլոր կոչերին՝ հետևելու, որ իրենց նշանակած հանձնաժողովի անդամները մասնակցեն դասընթացներին, նրանք «ոչ միշտ են դրան բարեխղճորեն արձագանքել»։

Պաշտոնյայի խոսքով՝ ընտրությունների օրը տեղամասերում ընդհանուր առմամբ տեղադրվել է 4000 սարք։ Դրանցից, տարբեր պատճառներով, շարքից դուրս է եկել և փոխարինվել ընդամենը 19-ը։ Այդ սարքերը, ինչպես նշեց Հովակիմյանը, ձեռք էին բերվել 9 տարի առաջ։ Բացի այդ, ընտրական տարածքների տրամադրության տակ եղել է նաև պահուստային սարքավորում։