Եվրոպական հակահրթիռային պաշտպանությունն անցնում է «միջանկյալ օպերատիվ պատրաստականության» փուլին, որը հնարավորություն է տալիս հրթիռներ բռնելու: Այդ մասին ասվել է ՆԱՏՕ-ի գագաթաժողովում, որը բացվել է Չիկագոյում`մայիսի 20-ին:
Դա նշանակում է, որ Միջերկրական ծովում կտեղակայվեն ամերիկյան ռազմանավեր, որոնք սպառազինված կլինեն հրթիռներով, իսկ Թուրքիայում կսկի գործել տեղորոշիչ սարքավորում, գրում է BBC-ն:
Հակահրթիռային պաշտպանության հրամանների համակարգը կգտնվի Գերմանիայի Ռամշթայնի ռազմակայանում, հաղորդում է Deutsche Welle-ն:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը Չիկագոյի գագաթաժողովում ասել է, որ 18 ամիս առաջ Լիսաբոնում նպատակ էր դրվել ստեղծել ԵվրոՀՀՊ: «Այստեղ` Չիկագոյում, մենք պայմանավորվել ենք դա իրականություն դարձնել: Դա ամբողջ եվրոպական տարածքում, բնակչության եւ զինված ուժերի պաշտպանությունն ապահովելու երկարատեւ նպատակի առաջին քայլն է», - ասել է Ռասմուսենը, հաղորդում է «Նականունե»-ն:
ՆԱՏՕ-ում հայտարարում են, որ Եվրոպայում ՀՀՊ-ի տեղակայումն ուղղված չէ Ռուսաստանի դեմ, եւ նրա նպատակը այն հրթիռներին դիմակայելն է, որոնք կարող է ուղարկել Իրանը:
«Մենք արդեն հրավիրել էինք Ռուսաստանին համագործակցության հակահրթիռային պաշտպանության համար, եւ այդ հրավերը դեռեւս ուժի մեջ է», - մամլո ասուլիսում հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարը:




























