Lockheed Martin ընկերությունը General Motors-ից ստացել է Patriot PAC-3 MSE որսիչների համար կարևոր նշանակություն ունեցող բաղադրիչների առաջին խմբաքանակը՝ համատեղ արտադրության մասին համաձայնագիրը կնքելուց երեք շաբաթ անց, հաղորդում է Reuters-ը։

Գործարքը դարձել է Պենտագոնի՝ սպառազինության արտադրությունն արագացնելու ջանքերի մի մասը։

Օգոստոսի 28-ին որսիչների համար նախատեսված կորպուսների առաջին խմբաքանակը մատակարարել է GM Defense ընկերությունը՝ օգոստոսի 6-ին պայմանագիրը ստորագրելուց 22 օր անց, հայտնել է Lockheed Martin-ը։ Ընկերության տվյալներով՝ նման մասերի արտադրությունը սովորաբար տևում է ամիսներ կամ նույնիսկ տարիներ։

Patriot հակահրթիռային պաշտպանության համակարգը շարունակում է մնալ ամերիկյան սպառազինության ամենապահանջված տեսակներից մեկը՝ Իսրայելի և Իրանի միջև պատերազմի, ինչպես նաև Ուկրաինայի դեմ Ռուսաստանի շարունակվող պատերազմի ֆոնին։

Արտադրության արագացումը կապված է նաև ամերիկյան հակաօդային և հակահրթիռային պաշտպանության միջոցների պաշարների կրճատման հետ։ Ավելի վաղ Reuters-ը հայտնել էր, որ ամերիկացի զինվորականները սպառել են որոշ բարձր ճշգրտության հրթիռների՝ «գործնականում ամբողջ» գլոբալ պաշարը:

ԱՄՆ Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի (CSIS) գնահատմամբ՝ հուլիսի դրությամբ ԱՄՆ-ն օգտագործել էր իր ունեցած Patriot որսիչների շուրջ 65%-ը։ Մեծ բարձրությունների վրա բալիստիկ հրթիռներ խոցելու համար նախատեսված THAAD (Terminal High Altitude Area Defense) համակարգի որսիչների պաշարները կրճատվել են առնվազն 38%-ով։

PAC-3 MSE-ն Patriot որսիչի հիմնական մոդիֆիկացիաներից մեկն է, որը նախատեսված է բալիստիկ և այլ օդային թիրախներ խոցելու համար։ Lockheed Martin-ը այդ հրթիռների հիմնական արտադրողն է։

Վերջին տարիներին Պենտագոնը ամերիկյան պաշտպանական արդյունաբերությունից պահանջում է հրթիռների և հակաօդային պաշտպանության համակարգերի պահանջարկի աճի պայմաններում կրճատել սպառազինության արտադրության ժամկետները և ընդլայնել արտադրական հզորությունները։