Սիրիական հակամարտությունը տեղափոխվում է  Լիբանանի տարածք. Սունիների եւ ալավիթների բախումների ընթացքում սպանվել են սունի իմամ շեյխ Ահմեդ Աբդուլ Վահիդը եւ նրան ուղեկցող անձանցից մեկը: 

Իմամին սպանել են զինվորականները` մեքենայով փախուստի ժամանակ: Դա հաստատել է երկրի զինված ուժերի հրամանատարությունը` ցավակցություն հայտնելով տեղի ունեցածի կապակցությամբ:

Իմամի  մահվան լուրից հետո Աքարա փոքր քաղաքի բնակիչները ի նշան բողոքի ցույցի են դուրս եկել եւ փակել մի քանի ճանապարհներ, հայտնում է Euronews-ը:

Իմամի մահվան մասին լուրը  հանգեցրել է իրավիճակի սրման Բեյրութում:  Ըստ «Գոլոսա Ռոսիի»-ի տվյալների` Լիբանանի մայրաքաղաքի բնակիչներն անքուն գիշեր են անցկացրել: Թարիկ էլ Ջեդիդա քաղաքի հարավարեւմտյան թաղամասում կրակոցները շարունակվել են մինչեւ առավոտ: 

«Ալ Մուսթաքբալ» ընդդիադիր շարժման ակտիվիստների եւ  «Ատ Թայար ալ Արաբի» կուսակցության, որին աջակցում է  կառավարության մեջ մտնող շիական «Հեզբոլահ» խմբավորումը,   բախման զոհ են դարձել 3 մարդ:

Երկրում մուֆթիների կոչի համաձայն` մայիսի 21-ից հայտարարվել է  եռօրյա սուգ, որը կուղեկցվի համընդհանուր գործադուլով: «Ալ Մուսթաքբալ» շարժման առաջնորդ սունիական քաղաքական գործիչ Սաադ Հարիրին, որը գտնվում է Սաուդյան Արաբիայում,  իր համախոհներին կոչ է արել «սադրանքների չենթարկվել` պահպանելուվ բողոքների խաղաղ եւ դեմոկրատական բնույթը»: Իր հերթին վարչապետ Նաջիբ Միքաթին խոստացել է  բոլոր միջոցները ձեռք առնել Լիբանանում քաղաքացիական խաղաղությունը պահպանելու համար: