Իրանի հետախուզության նախարարությունը դատապարտել է սուննի քարոզիչ Մոլավի Յուսեֆ Գորգիջի սպանությունը և խոստացել պատասխանատվության ենթարկել կատարողներին, կազմակերպիչներին և նրանց, ովքեր կանգնած էին հանցագործության հետևում, հայտնում է Tasnim-ը։

Գերատեսչության հայտարարությունը հրապարակվել է հինգշաբթի՝ Գորգիջի սպանությունից հետո։ Նա Սիստան և Բելուջիստան հարավ-արևելյան նահանգի Զահեդան քաղաքից հայտնի կրոնական գործիչ էր։ Հոգևորականին երկուշաբթի երեկոյան իր տան մոտ գնդակահարել էին անհայտ զինված անձինք։ Նա Զահեդանում Մոհամմադ Ռասուլուլլահ մզկիթի ուրբաթօրյա աղոթքի իմամն էր։

«Հանրահայտ գիտնական և միասնության ավետաբեր Մոլավի Յուսեֆ Գորգիջի նահատակությունը ծանր կորուստ է Սիստանի և Բելուջիստանի ազնիվ ժողովրդի, ինչպես նաև անվտանգության, միասնության և իսլամական Իրանի մեծությանն հավատարիմ բոլոր մարդկանց համար»,- ասվում է նախարարության հայտարարության մեջ։

Գերատեսչությունը նշում է, որ Գորգիջը իր ամբողջ կյանքի ընթացքում հանդես է եկել համաձայնության, փոխըմբռնման և ազգային միասնության օգտին՝ օգտագործելով իր կրոնական, մշակութային և հասարակական գիտելիքները իսլամական եղբայրության ամրապնդման, տարբեր դավանանքների մերձեցման, ինչպես նաև Իրանի էթնիկ խմբերի արժանապատվության պաշտպանության համար։

«Անկասկած, նման մարդկանց սպանությունը պարզապես հանցագործություն չէ առանձին անձանց դեմ. դա հարված է հասարակության անվտանգությանը, միասնությանը և սոցիալական կապիտալին»,- հայտարարել են նախարարությունում։

Իրանի հետախուզության նախարարությունը տեղի ունեցածը որակել է ահաբեկչական գործողություն և հայտարարել, որ կանգ չի առնի, մինչև սպանության կատարողները, կազմակերպիչները և դրա հետևում կանգնած անձինք չբացահայտվեն ու պատասխանատվության չենթարկվեն։

«Թող իսլամական Իրանի անվտանգության և միասնության թշնամիները իմանան. սպանությունը երբեք չի կարող մարել միասնության իդեալը, այլ ընդհակառակը՝ միայն կամրապնդի համաձայնության և եղբայրության վրա հիմնված իսլամական մոտեցումը»,- ասվում է հայտարարության մեջ։

Գորգիջը պարբերաբար մասնակցում էր պաշտոնական միջոցառումներին և զոհվածների հիշատակի արարողություններին։ Պատերազմի ընթացքում, որը Իրանի իշխանությունները անվանում են ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեսիա, նա բազմիցս ելույթ է ունեցել փողոցներում հավաքված մարդկանց առջև։

Գորգիջը դարձել է այս տարի Սիստան և Բելուջիստան նահանգում անհայտ հարձակվողների կողմից սպանված երկրորդ սուննի հոգևորականը։ Ավելի վաղ մահափորձի հետևանքով զոհվել էր Միրջավե քաղաքի ուրբաթօրյա աղոթքի իմամ Մոլավի Մոհամմադ Անվար Ռիգին։