ԱՄՆ-ի քառասունվեց դեմոկրատ սենատորներ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթից պահանջել են Կոնգրեսին ներկայացնել Իրանի հետ պատերազմի ծախսերի վերաբերյալ մանրամասն հաշվետվություն, ինչպես նաև Պենտագոնի լրացուցիչ բյուջետային հարցումների վերծանումը, հայտնում է NBC News-ը։

Հինգշաբթի Հեգսեթին ուղարկված նամակը պատրաստել է Միչիգանից սենատոր Էլիսա Սլոթքինը։ Այն ստորագրել են Սենատում Դեմոկրատական կուսակցության գրեթե բոլոր ներկայացուցիչները։ Դիմումը չաջակցած միակ դեմոկրատը եղել է Փենսիլվանիայից սենատոր Ջոն Ֆեթերմանը։

Սենատորները հայտարարել են, որ Պենտագոնը Կոնգրեսին պատերազմի ֆինանսական հետևանքների մասին բավարար տեղեկություններ չի տրամադրում։ Մասնավորապես, նրանք ցանկանում են իմանալ, թե որքան կարժենա վնասված ամերիկյան ռազմական բազաների վերականգնումը, ոչնչացված ավիացիոն և ռազմածովային տեխնիկայի փոխարինումը, ինչպես նաև նավերի ու ինքնաթիռների վերանորոգումը, որոնք յոթ ամսվա ռազմական գործողությունների ընթացքում զգալիորեն մաշվել են։

«Չնայած ձեր հայտարարած կարիքներին՝ դուք բազմիցս հրաժարվել եք տրամադրել հիմնական տեղեկությունները, որը նախորդ վարչակազմերը՝ թե՛ հանրապետական, թե՛ դեմոկրատական, պատերազմների ժամանակ հասցնում էին ամերիկյան հանրության և Կոնգրեսի ուշադրությանը»,- ասվում է նամակում։

Սենատորների հարցումը ներկայացվել է այն ֆոնին, երբ Կոնգրեսը քննարկում է Պենտագոնին լրացուցիչ 67 միլիարդ դոլարի ֆինանսավորում տրամադրելու հարցը։ Օրենսդիրները պահանջել են նաև մանրամասն հաշվետվություն ներկայացնել մոտ 34 միլիարդ դոլարի ծախսման վերաբերյալ, որը նախկինում հատկացվել էր պաշտպանական գերատեսչությանը՝ անցյալ տարի ընդունված հարկերի և պետական ծախսերի մասին օրենքի շրջանակում։

Պատերազմի ճշգրիտ ծախսերը շարունակում են մնալ վեճերի առարկա։ Պաշտպանության նախարարության գլխավոր տեսուչի տվյալներով՝ մինչև հունիսի 30-ը հակամարտությունն արժեցել է մոտ 33 միլիարդ դոլար՝ առանց վնասված օբյեկտների վերականգնման և մի շարք այլ ծախսերի հաշվառման։ Կոնգրեսի բյուջետային վարչության՝ երեքշաբթի հրապարակված գնահատականը կազմել է 38 միլիարդ դոլար։ Միաժամանակ գերատեսչությունը եզրակացրել է, որ պատերազմը նպաստում է ԱՄՆ-ում գնաճին։

Ինքը՝ Հեգսեթը, հուլիսի վերջին Սենատի հատկացումների հանձնաժողովի լսումների ժամանակ ծախսերը գնահատել է 37,5 միլիարդ դոլար։ Ըստ նրա՝ այդ գումարի մեջ ներառված էին աշխատավարձերի, գործողությունների իրականացման, սպասարկման և բյուջետային տարվա ավարտից առաջ նախատեսվող այլ ծախսեր։

Սենատորները նաև քննադատել են Պենտագոնին պատերազմի վերաբերյալ հանրային ճեպազրույցների և լսումների պակասի համար։ Նամակում նշվում է, որ 2003 թվականին Իրաքի պատերազմի առաջին վեց ամիսների ընթացքում այն ժամանակվա պաշտպանության նախարար Դոնալդ Ռամսֆելդը 20 անգամ ելույթ է ունեցել Կոնգրեսում և հակամարտության միայն առաջին ամսվա ընթացքում ավելի քան 70 անգամ ճեպազրույցներ է անցկացրել լրագրողների համար։

Սենատորների տվյալներով՝ Իրանի հետ պատերազմի առաջին վեց ամիսների ընթացքում Հեգսեթը յոթ անգամ ելույթ է ունեցել Կոնգրեսում և ութ անգամ ճեպազրույցներ է անցկացրել Պենտագոնի լրագրողների համար։ Այդպիսի վերջին ճեպազրույցը տեղի է ունեցել մայիսին։

Օրենսդիրները նաև նշել են, որ Իրաքում և Աֆղանստանում պատերազմների ֆինանսավորման լրացուցիչ հարցումները ուղեկցվում էին ավելի քան 100 էջանոց փաստաթղթերով՝ ծախսերի մանրամասն հիմնավորմամբ։ Պենտագոնի ներկայիս՝ 67 միլիարդ դոլարի հարցումը զբաղեցնում է յոթ էջ և, սենատորների խոսքով, պարունակում է միայն ընդհանուր ձևակերպումներ, այդ թվում՝ 1,2 միլիարդ դոլար «վարչակազմի առաջնահերթությունների» համար։

Նամակի ավարտին սենատորները Հեգսեթին հիշեցրել են նրա իսկ խոսքերը, որ ամերիկացի հարկատուներն իրավունք ունեն իմանալու, թե ուր են ուղղվում պետական միջոցները և ինչպես են դրանք ծախսվում։

«Համաձայն ենք»,- հայտարարել են օրենսդիրները։