Հայտնի թուրք գրող եւ լրագրող Մեհմեդ Ալի Գյուլերը «Ուլուսալ Բաքիշ» կայքում հրապարակված հոդվածում նշել է, որ «Արդարություն եւ զարգացում» իշխող կուսակցության արտաքին քաղաքականության եւ Թուրքիայի ու ԱՄՆ-ի` Կոսովոյում Սիրիա ուղարկվող գրոհայիններին պատրաստականության վիճակի հասցնելուն մասնակցելու պատճառով Անկարան անհարմար դրության մեջ է ընկել:

Ըստ նրա` Անկարայի եւ Վաշինգթոնի քաղաքականությունը համընկնում է  Մերձավոր Արեւելքում իրադրության վերաբերյալ, ինչպես նաեւ էներգետիկ ռազմավարության եւ անվտանգության առումով: ԱՄՆ-ը Թուրքիայի օգնությամբ փորձում է  թափանցել այն պետություններ, հասարակություններ եւ կառույցներ, որոնք  դիմադրում են նրա քաղաքականությանը:

Գրողն ավելացրել է, որ Կոսովոյում 2000 թվականին ԱՄՆ-ի ստեղծած գրոհայինների պատրաստականության ճամբար են ժամանել, այսպես կոչված, «Սիրիական ազատ բանակի» սպաներ, որպեսզի փորձ փոխանակեն  «Կոսովոյի ազատագրման բանակի հետ»:

Թուրքիայի տարածքում էլ նման ճամբարներ կան, եւ դա հերթական ապացույցն է  ԱՄՆ-ի հետ Էրդողանի եւ Կոսովոյի համաձայնեցված համագործակցության, հաղորդում է  սիրիական պետական տեղեկատվական «ՍԱՆԱ» գործակալությունը:

Իր հերթին, Թուրքիայի ռազմածովային ուժերի գեներալ մայոր Թուրքեր Էրթուրքը մատնանշել է, որ Էրդողանի կառավարությունն ահաբեկչություն է արտահանում հարեւան երկրներ: Նրա վարած արտաքին քաղաքականությունը նպաստում է լարվածության աճին ոչ միայն հարեւան երկրներում, այլեւ հենց Թուրքիայում: 

Էրթուրքը հաստատել է, որ ԱՄՆ-ի նպատակը Սիրիայում իրադրության անկայունացնելն է, քաոսի տարածումը, արաբական դիմադրության ջախջախումը, որտեղ Դամասկոսը գլխավոր դեր է խաղում: Նա ավելացրել է, որ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան փորձեր են իրականացնում Սիրիայում իրադրությունը լիբիական սցենարի վերածելու, սակայն ՄԱԿ-ի ԱԽ-ում Ռուսաստանի եւ Չինաստանի կողմից  վետոյի իրավունքի կիրառումը խախտեց նրանց հանցավոր ծրագրերը: Դա հանգեցրեց նրան, որ նրանք փոխեցին իրենց ռազմավարությունը, եւ, օգտագործելով Սիրիական բանակի դասալիքներին եւ արտասահմանյան  վարձկաններին  հանուն իրենց շահերի, ահաբեկչական  հարձակումներ են իրականացնում սիրիական զինծառայողների եւ խաղաղ բնակիչների դեմ: