Հալեպի համալսարանի ուսանողները նախագահ Բաշար Ասադի բարեփոխումների ծրագրին աջակցող բազմահազարանոց հանրահավաք են անցկացրել: Նրանք բողոքել են զինված խմբավորումների գործունեության դեմ, որոնք ահաբեկում են խաղաղ բնակչությանը, ոստիկանների, զինծառայողների եւ պետական ու մասնավոր մարմինների դեմ հարձակումներ իրականացնողների դեմ, հաղորդում է սիրիական պետական տեղեկատվական «ՍԱՆԱ» գործակալությունը:
Հանրահավաքի մասնակիցները բարձր են գնահատել Սաուդյան Արաբիայի, Քաթարի, Թուրքիայի եւ Իսրայելի կողմից աջակցվող զինված հանցախմբերի դեմ պայքարում Սիրիական բանակի զինծառայողների գործողությունները:
Հանրահավաքի կազմակերպիչներից մեկը` ուսանող Իհադ Մահմուդը, հայտարարել է, որ հազարավոր ուսանողներ դուրս են եկել նախագահ Ալ Ասադի բարեփոխումների ծրագրին լիակատար աջակցություն հայտնելու նպատակով` ընդգծելով, որ սիրիական ժողովուրդը մերժում է բռնապետական քաղաքականությունը, որը տարածշրջանում վարում է ԱՄՆ-ն իր համախոհների հետ:
Ուսանողուհի Ֆեյրուզ Աբդել Համիդը նշել է, որ Սիրիան պատասխան է տալիս իր հայրենասիրական քաղաքականության համար:
Ուսանողներ Զեյն Ալ Աբիդին Հուդեյրան եւ Ամմար Մահմուդը կտրուկ քննադատել են արեւմտյան եւ որոշ արաբական լրատվամիջոցների ագրեսիվ հակասիրիական դիրքորոշումը, որոնք խեղաթյուրում են ճշմարտությունը եւ նպատակ են հետապնդում սիրիական հասարակության մեջ պառակտում սերմանելու:




























