«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը հայտարարել է, որ արդար որոշումներ չի ակնկալում Հայաստանի գործող դատաիրավական համակարգից և դրա վիճակի համար պատասխանատու է համարում վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
Լրագրողի այն հարցին, թե արդյոք համարո՞ւմ է, որ իր տնային կալանքի ժամկետի երկարաձգումը իշխանությունների ցուցումների կատարում է, Կարապետյանն ասել է. «Իհարկե, մենք գործ ունենք իրական Հայաստանի դատաիրավական համակարգի հետ, ուստի պետք է պատրաստ լինենք ցանկացած որոշման»:
Ընդ որում, Կարապետյանը հայտարարել է, որ իր կողմնակիցները տրամադրված են հաղթանակի և մտադրված են «ազատագրել մեր երկիրը»:
Լրագրողը Կարապետյանին հարցրել է նաև դատական համակարգի վերաբերյալ Փաշինյանի քննադատության մասին։ Վարչապետը բազմիցս հայտարարել է դրա աշխատանքում առկա խնդիրների մասին, և լրագրողը հետաքրքրվել է, թե ինչ է մտածում այդ մասին «Ուժեղ Հայաստանի» առաջնորդը։
«Ես էլ եմ դժգոհ։ Նրանք անարդար են, սխալ են աշխատում»,- պատասխանել է Կարապետյանը։
Հարցին, թե ով է կրում դրա պատասխանատվությունը, նա պատասխանել է. «Փաշինյանը»։
«Ի՞նչ է պետք անել»,- հարցրել է լրագրողը։
«Նա պետք է հեռանա, որ նորմալ դատաիրավական համակարգ ունենանք»,- հայտարարել է Կարապետյանը։
Նույն օրը Հակակոռուպցիոն դատարանը քննարկում էր դատախազության միջնորդությունը «Ուժեղ Հայաստանի» առաջնորդի տնային կալանքը երկարաձգելու վերաբերյալ։ Դատախազությունը խնդրում էր խափանման միջոցը երկարաձգել ևս երեք ամսով։











