ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Axios-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ մոտենում է կարևոր որոշման՝ Իրանի հետ պատերազմի հետագա ընթացքի և երկրի դեմ լայնածավալ ռազմական հարվածների հնարավոր վերսկսման վերաբերյալ։

«Ես պետք է կարևոր որոշում ընդունեմ։ Ուզո՞ւմ եմ գնալ այնտեղ և ոչնչացնել նրանց [իրանական ռեժիմը], թե՞ ոչ։ Սա կարևոր որոշում է։ Ինձ հետ կարող է ամեն ինչ պատահել»,- ասել է Թրամփը հարցազրույցում։

Նրա հայտարարությունը հնչել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում Նյու Յորքում երեքշաբթի Պարսից ծոցի վեց երկրների առաջնորդների հետ նախատեսված հանդիպման նախօրեին։ Դրան կմասնակցեն Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի, Կատարի, Բահրեյնի, Քուվեյթի և Օմանի ներկայացուցիչները։

Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է տարածաշրջանային դաշնակիցներից անմիջապես իմանալ նրանց դիրքորոշումը՝ ԱՄՆ-ի հետագա քայլերի վերաբերյալ։ Ըստ նրա՝ հանդիպումը պետք է օգնի որոշել պատերազմի հաջորդ փուլը՝ դիվանագիտական ջանքերի շարունակությո՞ւն, թե՞ ռազմական արշավի ուժեղացում։ Եթե նախագահը որոշի վերսկսել լայնածավալ մարտական գործողությունները, նրան անհրաժեշտ կլինի տարածաշրջանային գործընկերների աջակցությունը։

Վերջին օրերին Թրամփը բազմիցս ասել է, որ պատերազմը շուտով կավարտվի։ Սակայն, ըստ ամերիկացի պաշտոնյաների, հակամարտությունը փաստացի մտել է անկայուն վիճակ՝ առանց լիարժեք պատերազմի կամ խաղաղության։ Նրանք կարծում են, որ Թրամփը կարող է վերադառնալ լայնածավալ մարտական գործողություններին, եթե Իրանի հետ համաձայնություն ձեռք չբերվի։

Օգոստոսի սկզբին ԱՄՆ նախագահը հրաժարվել էր խոշոր ռազմական գործողությունների անհապաղ վերսկսումից այն բանից հետո, երբ Սաուդյան Արաբիան և Կատարը մտահոգություն էին հայտնել, որ Իրանը ի պատասխան կհարվածի նրանց նավթային և գազային ենթակառուցվածքներին։

Այդ ժամանակից ի վեր Վաշինգտոնը հետևում է ավելի զուսպ քաղաքականության․ Իրանի հետ բանակցությունները կասեցվել են, սկսվել է տնտեսական նոր պատժամիջոցների արշավ, շարունակվում է իրանական նավահանգիստների ծովային շրջափակումը։ ԱՄՆ-ը միաժամանակ կենտրոնացրել է ռազմական ջանքերը Հորմուզի նեղուցով նավագնացության վերականգնման և համաշխարհային շուկա նավթի մատակարարումների ավելացման վրա։

Ամերիկացի զինվորականները զգալիորեն ավելացրել են նավթ և գազ փոխադրող լցանավերի անցումը նեղուցով, սակայն փոխադրումների ծավալները դեռևս մնում են նախապատերազմյան մակարդակից ցածր, իսկ նավթի գները շարունակում են բարձր մնալ։

Ըստ ամերիկացի պաշտոնյաների՝ Թրամփը և պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը կարգադրել են մինչև տարվա վերջ պահպանել Մերձավոր Արևելքում ամերիկյան ուժերի ներկայիս թվաքանակը, որպեսզի դրանք պատրաստ լինեն լիամասշտաբ մարտական գործողություններին հնարավոր վերադարձին։ Պաշտոնյաներից մեկը հայտարարել է, որ նախագահին անհրաժեշտ է մոտ ժամանակում որոշել հետագա ուղին, քանի որ ամերիկացի զինվորականները չեն կարող երկար մնալ սպասման այս ներկայիս վիճակում։

Թրամփը հայտարարել է նաև, որ գոհ է ծովային շրջափակման արդյունքներից, որը, ըստ նրա, Իրանին թույլ չի տալիս նավթ արտահանել։ Միևնույն ժամանակ նախագահը պնդում է, որ Թեհրանն ուղիղ կապ է պահպանում Վաշինգտոնի հետ և դեռևս շահագրգռված է համաձայնության հասնելու հարցում։

Զուգահեռաբար Սպիտակ տունը մշակում է հետպատերազմյան ռազմավարություն, որը նախատեսում է Իրանի զսպման տարածաշրջանային միջոցառումներ և Իսրայելի ու հարևան երկրների միջև հարաբերությունների կարգավորման ընդլայնում։ Ծրագիրը դեռ պատրաստման վաղ փուլում է։

Հաջորդ շաբաթ Նյու Յորքում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հնարավոր հանդիպման մասին հարցին Թրամփը պատասխանել է. «Հնարավոր է»։