Թուրքական իշխանությունները ձերբակալել են ֆինանսական ընկերությունների մի քանի ղեկավարների և ևս մի քանի թոփ-մենեջերների արգելել են լքել երկիրը՝ մի շարք ներդրումային հիմնադրամներից միջոցների զանգվածային դուրսբերումից հետո սկսված հետաքննության շրջանակում, հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով իշխանությունների հայտարարությանը։

Ստամբուլի դատախազության տվյալներով՝ ձերբակալվել է Pusula Portföy Yönetimi-ի վարչության նախագահ Մուհամմեդ Յարըզը։ Ձերբակալվածների թվում են նաև Destek Holding-ի նախագահ, գործարար Ալթունչ Կումովան, Tera Portföy Yönetimi-ի գլխավոր տնօրենի տեղակալ Իբրահիմ Բեքչին և Hedef Holding-ի նախագահ Նամըք Քեմալ Գյոքալփը։

Թուրքիայից դուրս գալու արգելք է սահմանվել Tera Holding-ի նախագահ Էմրե Թեզմենի, Pusula Holding-ի նախագահ Սերդար Թյուրհանի, Bulls Yatırım Menkul Değerler-ի նախագահ Քեմալ Աքքայայի և դրա մայր ընկերության՝ Lydia Holding-ի նախագահ Էնվեր Ջևիկի նկատմամբ։

Ավելի վաղ՝ հինգշաբթի, թուրքական իշխանությունները կարգադրել էին լուծարել 130 հիմնադրամ, որոնք կառավարում էին յոթ պորտֆելային ընկերություններ, դրանց թվում՝ Tera-ը և Pusula-ը։

Bloomberg-ի իրավիճակին ծանոթ աղբյուրի տվյալներով՝ չորեքշաբթի երեկոյի դրությամբ լուծարման ենթակա հիմնադրամներում ներդրումների ընդհանուր ծավալը կազմել է մոտ 18 միլիարդ դոլար։ Վտանգի տակ են հայտնվել ավելի քան 350 հազար ներդրողներ։ Աղբյուրը նշել է, որ այդ տվյալները դեռ պաշտոնապես չեն հրապարակվել։

Ձերբակալվածներից մեկը Կումովան էր, որը պաշտոնապես համարվում է Թուրքիայի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ իրեն պատկանող որոշ ընկերությունների բաժնետոմսերի արժեքի կտրուկ աճից հետո։ Վերջին մեկ տարվա ընթացքում առանձին արժեթղթերի գները աճել են մի քանի հազար տոկոսով։

Հետաքննությունն իրականացվում է մի շարք հիմնադրամներից միջոցների լայնածավալ արտահոսքի պայմաններում։ Թուրքական իշխանությունները միաժամանակ կիրառում են մի քանի միջոցներ՝ հիմնադրամների լուծարում, ղեկավարների ձերբակալություններ և երկրից դուրս գալու սահմանափակումներ։