Ռուսաստանում սկսվել է Պետական դումայի իններորդ գումարման պատգամավորների ընտրությունների եռօրյա քվեարկությունը, հայտնում է «Коммерсантъ»-ը։

Առաջին ընտրատեղամասերը բացվել են Կամչատկայում և Չուկոտկայում սեպտեմբերի 18-ին տեղական ժամանակով 08:00-ին, կամ Մոսկվայի ժամանակով սեպտեմբերի 17-ին 23:00-ին։ Քվեարկությունը կշարունակվի մինչև սեպտեմբերի 20-ը։

Առաջին տեղամասերի բացմանը տեսակապով միացել է Ռուսաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Էլլա Պամֆիլովան։ Նա նաև ԿԸՀ-ի ատրիումում տեսապատ է բացել, որի վրա ցուցադրվում են ընտրատեղամասերից կատարվող գրառումները։

Ըստ Պամֆիլովայի՝ տեսահսկման և տեսագրանցման համակարգերով հագեցած են գրեթե բոլոր ընտրատեղամասերը, ինչպես նաև տարածքային ընտրական հանձնաժողովների 100%-ը։

Պետդումայի պատգամավորների ընտրություններից բացի, այս օրերին Ռուսաստանում անցկացվում են նաև տարածաշրջանային և մունիցիպալ ընտրություններ։ Ընտրողների առանձին կատեգորիաներ կարող էին քվեարկել վաղաժամ․ նման փուլը սկսվել էր օգոստոսի 29-ին դժվարամատչելի շրջանների բնակիչների, մարտական գործողությունների գոտում գտնվող զինծառայողների, ինչպես նաև 12 տարածաշրջանների այն տարածքների բնակիչների համար, որտեղ գործում է ռազմական դրություն կամ արձագանքման միջին մակարդակ։

Պետդումայի ընտրությունների և դրանց հետ համատեղ անցկացվող ընտրությունների հիմնական քվեարկությունն անցկացվում է սեպտեմբերի 18-ին, 19-ին և 20-ին։