Շիական «Հեզբոլլահ» կազմակերպության ռազմական ղեկավարներից մեկին՝ Յասիր Ալաուդդինին, որը թաքնվում է լիբանանյան արդարադատությունից, հեռակա կարգով մեղադրանք է առաջադրվել ահաբեկչության մեջ։ Ինչպես հայտնել է Al Jadeed հեռուստաալիքը, նման վճիռ է կայացրել զինվորական դատախազ Կլոդ Գանեմը Լիբանանի հյուսիսում գտնվող Աքքարում իշխանությունների կողմից ձերբակալված ընդհատակյա դիվերսիոն ցանցի անդամներին հարցաքննելուց հետո։
Ալաուդդինի հետ միասին հանցավոր գործունեության մեջ մեղադրվում է ևս 11 մարդ, որոնք զբաղվել են սահմանով Սիրիայի Լաթաքիա և Տարտուս նահանգներից երիտասարդների ապօրինի տեղափոխմամբ՝ «Հեզբոլլահ»-ի ուսումնամարզական բազաներում ռազմական պատրաստություն անցնելու համար։ Դատական աղբյուրների տեղեկություններով՝ զինյալների խմբերին մատակարարել են զենք, պայթուցիկ նյութեր և անօդաչու սարքեր՝ Սիրիայի տարածքում գործողություններ իրականացնելու նպատակով։
Ինչպես նշել է դատախազ Գանեմը, բացահայտված դավադրությունը «շատ լուրջ և լայնածավալ» է եղել, և դրա իրականացումը սպառնում էր ոչ միայն Սիրիայի անվտանգությանը, այլև բացասական հետևանքներ կունենար հենց Լիբանանի ներսում։
Սեպտեմբերի 2-ին լիբանանյան ուժայինները հատուկ գործողության ընթացքում ձերբակալել են հինգ մարդու, այդ թվում՝ սիրիական հետախուզության նախկին գնդապետի, որոնք ընդգրկված էին դիվերսիոն ցանցում։ Սեպտեմբերի 12-ին Բեքաայի հովտում թմրամաֆիայի դեմ իրականացված շուրջկալի ժամանակ ձերբակալվել է Սուլեյման Հիլալ Ասադը՝ նախկին նախագահ Բաշար Ասադի զարմիկը։





























