Պակիստանի հեռահաղորդակցական ադմինիստրացիան մայիսի 21-ի գիշերը փակել է միկրոբլոգների հայտնի Twitter ցանցը: Այն փակ է մնացել 12 ժամ շարունակ:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, մայիսի 20-ին պակիստանյան իշխանությունները փակել էին միկրոբլոգների Twitter ցանցն իրենց տարածքում: Պատճառը եղել է Twitter-ի մերժումը` ջնջել այն նյութերը, որոնք տեղական իշխանությունները «հակաիսլամական» են համարել: Ըստ լրատվամիջոցների` նյութերը, որոնք հրաժարվել են ջնջել Twitter-ում, կոչ են պարունակել մասնակցել Facebook ցանցում անցկացվող Մուհամեդ Մարգարեի ծաղրանկարների մրցույթին, որը Պակիստանում սրբապղծություն են համարել:
Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստին», 12 ժամ անց Պակիստանում Twitter-ը նորից բաց է եղել: Նման որոշում է կայացրել երկրի վարչապետ Յուսուֆ Ռազա Գիլանին: Պատճառները, որոնցից ելնելով իշխանությունները փոխել են Twitter-ի փակման իրենց որոշումը, չեն հայտնվում:




























