Ամբողջովին քաղաքական, շինծու քրեական գործ է կարված Նիկոլ Փաշւինյանի քիմքին համապատասխան, որպեսզի նա և ՔՊ մյուս ներկայացուցիչներն առիթ ունենան խոսելու, գոռգոռալու, մատի փաթաթան դարձնելու ամբողջովին քաղաքական սուոսով այս քրեական գործի և նախագահ Քոչարյանի հետապնդման մասին հայտարարությունները։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 18–ին, դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ անդրադառնալով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հարուցված քրեական գործին։
Դիտարկմանը, որ հանրության մի մասը հարցադրում է անում, թե ինչպես է հնարավոր նախագահի աշխատավարձով միլիարդրեն կուտակել, նա պատասխանեց. «Դուք որտեղից գիտեք նախագահ Քոչարյանի գրպանի պարունակությունը։ Դատախազությունն աշխարհի ամենապուշ հայտարարություններն արել է։ Օրինակ ասեմ, դատախազությունը ներողություն խնդրե՞լ է, որ Գագիկ Խաչատրյանին վերագրել է 1.5 մլրդ դոլար, հետո պարզվել է, որ դրամ է։ Հետո ներողություն չի խնդրել։ Այդ դատախազության գործունեությունը իմ աչքի առաջ է, դատախազությունն ամեն օր անօրինականություն է անում։ Գլխավոր դատախազը եկել է, ԱԺ–ում հայտարարություններ է արել մեր գործընկեր Արթուր Սարգսյանի մասին, Բագրատ Սրբազանի մասին, հետո պարզվել է, որ 180 աստիճան հակառակն է։ Ամեն օր դատախազությունը սուտ է խոսում։ Բագրատ Սրբազանի գործով այն բոլոր հայտարարությունները, որ արել է դատախազությունը, ամբողջովին հերքված է հիմա դատարանում։ Փորձագետները հերթով գալիս են խայտառակ են լինում, իրավապահները խայտառակ են լինում, որովհետեւ այս բոլոր քրեական գործերում չկա իրավաբանություն, կա քաղաքականություն։ Քանի որ Նիկոլ Փաշինյանը միջակ լրագրողի մակարդակով կարծում է, որը կարծում է, թե ամեն ինչից տեղյակ է, ինքը իրավաբան է, տնտեսագետ է, սոցիոլոգ է, իր մակարդակով իրավական ակտեր է գրել, ու հիմա իրավապահները մնացել են դրանց տակ»,–ասաց նա։
Գեղամ Մանուկյանը նկատեց, որ այս հակասահմանադրական գործը կշարունակվի, քանի դեռ իրավապահ համակարգը, որը պարտավոր է հարգել Հայաստանի Հանրապետության օրենքները և Սահմանադրությունը, իր համար Սահմանադրություն ու վերին ճշմարտություն է համարում Նիկոլ Փաշինյանին. «Մի օր չի լինելու Նիկոլ Փաշինյանը, և այս իրավապահները կա՛մ օրենքի առաջ են կանգնելու, կա՛մ փորձելու են ապաշխարել»։











