Թբիլիսիի մանկապարտեզների կառավարման գործակալության տեղեկությամբ՝ 7 պետական մանկապարտեզներում կրթադաստիարակչական գործընթացը դադարեցվել է, մնացած 183 մանկապարտեզները շարունակում են գործել։ Պատճառը մի քանի պետական մանկապարտեզներում արձանագրված թունավորման ախտանիշներն են եղել։

Գործակալության տեղեկացմամբ՝ բոլոր համապատասխան գերատեսչությունների, այդ թվում՝ Թբիլիսիի համաճարակաբանական հսկողության ծառայության հետ համատեղ, իրականացվում են անհրաժեշտ միջոցառումները։

«Թբիլիսիի մի քանի պետական մանկապարտեզների սաների մոտ արձանագրվել է բարձր ջերմություն, մի շարք դեպքերում՝ սրտխառնոց և փսխում, ինչի կապակցությամբ նրանք դիմել են տարբեր կլինիկաներ։ Համաճարակաբանների առաջարկությամբ և օրենսդրությանը համապատասխան՝ 7 պետական մանկապարտեզներում համաճարակաբանական ռիսկերը կանխելու նպատակով կրթադաստիարակչական գործընթացը դադարեցվել է, մնացած 183 մանկապարտեզները շարունակում են գործել։

Գործակալությունը բոլոր համապատասխան գերատեսչությունների, այդ թվում՝ Թբիլիսիի համաճարակաբանական հսկողության ծառայության, Սննդի ազգային գործակալության, Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության և Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի հետ համատեղ, համակարգված կերպով իրականացնում է բոլոր անհրաժեշտ միջոցառումները», — նշվել է տեղեկատվության մեջ։