Երեւանում, մայիսի 22-24-ին տեղի կունենա Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի 39-րդ լիագումար նիստը, որի աշխատանքներին կմասնակցի 10 երկրի շուրջ 70 պատվիրակ:

Խորհրդարանական վեհաժողովը կազմված է ՍԾՏՀ 12 անդամ երկրները ներկայացնող 76 պատգամավորից:

Նստաշրջանի առաջին օրը կգումարվեն Բյուրոյի ու Մշտական հանձնաժողովի,  հաջորդ երկու օրերին` Գլխավոր վեհաժողովի լիագումար նիստերը:

39-րդ լիագումար նիստի օրակարգում ներառված հարցերի թվում են`կազմակերպչական,  ՍԾՏՀ կազմակերպության գործունեության մասին,

ՍԾՏՀ անդամ երկրներում hարկային համակարգի կատարելագործմանը, խաղողագործության եւ գինեգործության զարգացման հեռանկարներին, կազմակերպված հանցագործության դեմ պայքարի ոլորտում համաձայնագրերի իրագործմանը, մշակույթին, կրթությանը, սոցիալական խնդիրներին առնչվող եւ այլ հարցեր: Կհրապարակվի ՍԾՏՀ ԽՎ Հայտարարությունը ՍԾՏՀ կազմակերպության 20-ամյակի կապակցությամբ:

Մինչ այս Երեւանում կայացել են ՍԾՏՀ ԽՎ երկու լիագումար նիստ,  Մշակույթի, կրթության եւ սոցիալական հարցերի ու Տնտեսական, առեւտրի, տեխնոլոգիական եւ բնապահպանական հարցերի հանձնաժողովների նիստերը: Այս մասին տեղեկացնում են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: