Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար, գեներալ Յուրի Խաչատուրովի անձեռնմխելիությունը չհաղթահարելու շուրջ ստեղծված իրավիճակը որակել է որպես քննության անփույթ աշխատանքի դասական օրինակ։

Հակակոռուպցիոն դատարանի նիստում ելույթ ունենալով և Խաչատուրովի փաստաբանի՝ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդության վերաբերյալ կարծիք հայտնելով՝ Քոչարյանը նշել է, որ դրա հետևանքները հիմա դատարանն է ստիպված հաղթահարել։ «Եթե ներկայացուցչի հետ խնդիր կար, հետ կանչեիր, հետո նոր գործ սկսեիր։ Վերջ»,- նկատել է նախկին նախագահը։ Նա հիշեցրել է, որ պետության ղեկավար եղած ժամանակ ակտիվորեն մասնակցել է ՀԱՊԿ աշխատանքներին և տեղյակ է ընթացակարգերից։ «Հայաստանի հերթն էր գլխավոր քարտուղարի թեկնածու առաջադրելու։ Եթե ներկայացուցչի հետ խնդիր է առաջացել՝ հետ կանչիր։ Ընթացակարգը կավարտվի, հետո արա ինչ ուզում ես։ Պարզ հարցը բարդ դարձրին, խճճեցին, մի շարք ապօրինություններ կատարեցին, դատախազին անհարմար դրության մեջ դրեցին»,- թվարկել է նախկին նախագահը։

Նրա խոսքով՝ հարցի լուծման մի քանի տարբերակ կար՝ կամ անձեռնմխելիությունը հաղթահարել Հավաքական անվտանգության խորհրդի նիստում, կամ սկսել հետկանչման ընթացակարգը, կամ սպասել լիազորությունների ժամկետի ավարտին։

Դատավոր Սարգիս Պետրոսյանի հարցին, թե իր նախագահության ընթացքում նմանատիպ իրավիճակ եղել է, Քոչարյանը բացասական պատասխան է տվել։

«Իմ օրոք մտանք ՀԱՊԿ։ Բոլոր հարցերը քննարկվում էին ՀԱԽ նիստերում»,- արձանագրել է նախկին նախագահը։ Բնութագրելով ստեղծված իրավիճակը՝ նա նշել է. «Պետությունների ղեկավարները որևէ մեկին նշանակում են, հետո նրան դատում են (հայրենիքում՝ խմբ.)։ Այդպես չի կարելի խախտել հիերարխիան։ Եթե երկիրը չի կարող սպասել ժամկետի ավարտին և ուզում է գործ սկսել, հետ է կանչում, հետո անում է ինչ ուզում է»,- կրկնել է նա։ Քոչարյանն ավելացրել է, որ սա միակ դեպքը չէ, դատական գործընթացի մասնակիցները բազմիցս ականատես են դարձել, թե ինչպես է մեղադրանքը անհարմար վիճակում հայտնվում քննության անփույթ գործողությունների պատճառով, իսկ դատարանը չի իմանում, թե ինչպես անցնի որոշ խնդրահարույց հարցերի քննությանը։ Մեկնաբանելով այն հանգամանքը, որ ժամանակին Խաչատուրովի անձեռնմխելիության հարցը մեկնաբանել էր Հայաստանի ԱԳ այն ժամանակվա փոխնախարար Ռուբեն Ռուբինյանը, Քոչարյանը նշել է, որ ոչ թե Ռուբինյանը պետք է ինչ-որ բան ասեր, այլ ԱԳՆ-ն պետք է հետևեր, որպեսզի գործընթացը ճիշտ ընթանար։ Ռուբինյանի գործողությունների շտապողականությունը Քոչարյանը բացատրել է նրանով, որ դա նրա առաջին պաշտոնն էր։