Զբոսաշրջային եռուզեռով ապրող Երևանն այս օրերին հյուրընկալել էր ոչ ստանդարտ մի հյուրի: Մայրաքաղաքի տեսարժան վայրերում նկատել են իտալական լեգենդար «Cipriani» բրենդի սեփականատեր Ջուզեպպե Չիպրիանիին։ Միջազգային բարձրակարգ հյուրընկալության այս հսկան հազվադեպ է ճամփորդում զուտ հանգստի նպատակով։
Մեկդարյա պատմություն կերտած «Cipriani»-ն վաղուց հատել է ավանդական ռեստորանային բիզնեսի սահմանները։ Այսօր այն համաշխարհային էլիտար ցանց է, որը ղեկավարում է գերշքեղ հյուրանոցներ, պրեմիում ակումբներ և բարձրակարգ բրենդավորված բնակելի նախագծեր աշխարհի ամենազարգացած ու թանկարժեք կետերում։
Ինչպես պարզվում է համացանցում հրապարակված լուսանկարներից, իտալացի միլիարդատիրոջն ու նրա թիմին մայրաքաղաքում ուղեկցել է հայկական խոշորագույն կառուցապատողներից մեկի՝ «Ռենշին» ընկերության ղեկավար թիմը։ Ընկերության կայքից տեղեկանում ենք, որ այցի գործարար օրակարգի առանցքում Ռենշինի նախագծերի շրջանակում համագործակցության հնարավոր ուղղությունների ուսումնասիրությունն է։




Սովորաբար, երբ «Ռենշինի» հրավերով կամ անմիջական ուղեկցությամբ Հայաստան են ժամանում նման տրամաչափի միջազգային դեմքեր ու կառույցներ, դրան հաջորդում է որևէ նախագծի մեկնարկի մասին հայտարարությունը։ Դա, կարծես, դարձել է ընկերության գործարար ձեռագիրն ու նորարարական մշակույթը՝ գործը սկսել ոլորտի համաշխարհային լավագույններին ներգրավելով։
Հետևաբար, Ջուզեպպե Չիպրիանիի այցը պատահականություն համարել չի կարելի։ Փորձեցինք մանրամասներ ճշտել հենց ընկերությունից, սակայն «Ռենշինից» մեր հարցմանն ի պատասխան միայն կարճ արձագանքեցին, որ այս պահին «դեռևս ասելիք չունեն»։ Կայքն էլ շատ զուսպ հաղորդագրություն է տարածել։
Մինչ պաշտոնական օղակները լռում են, պահպանելով ինտրիգը, մի բան հստակ է՝ հայկական անշարժ գույքի շուկայում լրացուցիչ աշխուժություն է նկատվում, իսկ մայրաքաղաք Երևանը հայտնվել է համաշխարհային հյուրընկալության հսկաների դիտակետում։





























