Եվրոպայում կենսաթոշակի անցնելու տարիքն աճում է, քանի որ մարդիկ ավելի երկար են ապրում, սակայն երկրների միջև դեռևս պահպանվում են նկատելի տարբերություններ այն հարցում, թե ըստ կանխատեսումների մարդը քանի տարի կապրի կենսաթոշակային շրջանի մեկնարկից հետո, հայտնում է Euronews-ը։

ԵՄ երկրներում կենսաթոշակի անցած տղամարդիկ միջինում ապրում են ևս 18,4 տարի, կանայք՝ 21,8 տարի։ Այդ գնահատականները հիմնված են կենսաթոշակային տարիքում կյանքի սպասվող տևողության վրա՝ ըստ Եվրոստատի 2024 թվականի տվյալների։

Տղամարդկանց համար կենսաթոշակ ստանալու ենթադրվող ժամանակահատվածը տատանվում է Բուլղարիայում և Հունգարիայում 14,7 տարուց մինչև Թուրքիայում 27,3 տարի։ ԵՄ ներսում ռեկորդակիրը Լյուքսեմբուրգն է, որտեղ տղամարդիկ, ըստ կանխատեսումների, կենսաթոշակ կստանան 22 տարի։

Այս տարբերությունը հիմնականում բացատրվում է երկու գործոնով՝ կենսաթոշակային տարիքի տարբերություններով և կյանքի սպասվող տևողությամբ։

Հունաստանում (21 տարի), Ֆրանսիայում (20,7 տարի), Սլովենիայում (20,7 տարի), Շվեյցարիայում (20,4 տարի) և Մալթայում (20,2 տարի) կենսաթոշակառու տղամարդիկ ևս, ինչպես սպասվում է, կենսաթոշակում կանցկացնեն ավելի քան 20 տարի։

Կենսաթոշակում գտնվելու սպասվող տևողությունը գերազանցում է նաև ԵՄ միջին 18,4 տարվա ցուցանիշը Կիպրոսում (19,8 տարի), Շվեդիայում (19,4 տարի), Պորտուգալիայում (19,3 տարի), Բելգիայում (19,1 տարի), Իռլանդիայում (19 տարի), Մեծ Բրիտանիայում (19 տարի), Ավստրիայում (18,8 տարի) և Ֆինլանդիայում (18,7 տարի)։

Դա նշանակում է, որ Գերմանիայից բացի, եվրոպական մյուս խոշոր տնտեսություններում տղամարդիկ կենսաթոշակում անցկացնում են ավելի շատ տարիներ, քան միջինում ԵՄ-ում։ Գերմանիայում ցուցանիշը 1,1 տարով ցածր է համաեվրոպական միջինից, ինչը նկատելի տարբերություն է ստեղծում Ֆրանսիայի, Իտալիայի և Իսպանիայի հետ։

Ընդհակառակը, Բուլղարիայից և Հունգարիայից բացի, կենսաթոշակում ամենաքիչ տարիներն անցկացնում են Լատվիայի, Ռումինիայի և Լիտվայի տղամարդիկ՝ այս բոլոր երկրներում 16 տարուց պակաս։

Կանանց համար ԵՄ-ում կենսաթոշակում կյանքի սպասվող տևողությունը կազմում է 21,8 տարի, ընդ որում առանձին երկրներում այն տատանվում է Հունգարիայում 18,6 տարուց մինչև Թուրքիայում 34,5 տարի։ Լյուքսեմբուրգում այս ցուցանիշը նույնպես գերազանցում է 25 տարին։

Սլովենիայում, Հունաստանում, Ֆրանսիայում, Իսպանիայում, Շվեյցարիայում, Մալթայում, Իտալիայում, Պորտուգալիայում, Կիպրոսում և Ֆինլանդիայում կանայք, ըստ կանխատեսումների, կենսաթոշակում կանցկացնեն ավելի քան 22 տարի, այսինքն՝ կենսաթոշակային վճարումներ կստանան 22 տարուց ավելի։

Կանանց շրջանում համաեվրոպական միջինից ցածր է ոչ միայն Գերմանիայի (20,3 տարի), այլև Մեծ Բրիտանիայի (21 տարի) ցուցանիշը։

Հունգարիայից բացի, մի շարք երկրներում կանայք, ըստ կանխատեսումների, կենսաթոշակում կանցկացնեն 20 տարուց պակաս։ Դրանց թվում են Բուլղարիան (18,8 տարի), Ռումինիան (19,1 տարի), Նիդերլանդները (19,2 տարի), Խորվաթիան (19,6 տարի), Դանիան (19,7 տարի), Լատվիան (19,8 տարի) և Իսլանդիան (19,8 տարի)։