Հադրութի շրջանին հարող զորամասերից մեկում ականի պայթյունից մահացած 19-ամյա Արմեն Սարգսի Հարությունյանի մահվան փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայության 2-րդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրգործ` ՀՀ քրեական օրենսգրքի 376 հոդվածի 2-րդ մասով` անփույթ վերաբերմունք ծառայության նկատմամբ, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՊՆ քննչական բաժնի հասարակայնության հետ կապերի ավագ սպա Մերի Սարգսյանը եւ ավելացրեց, որ կատարվում է նախաքննություն:
Մերի Սարգսյանի խոսքով, ուսումնական պարապմունքի ժամանակ հողի մեջ ականներ տեղադրելիս, դրանցից մեկը պայթել է, որի հետեւանքով Արմեն Սարգիսի Հարությունյանը մահացել է: Կատարվում է նախաքննություն: Հարցին, թե միայն Արմեն Հարությունյա՞նն է տուժել, թե այլ տուժողներ էլ կան, նա պատասխանեց, որ 2 հոգի մարմնական վնասվածքներ են ստացել եւ գտնվում են հոսպիտալում: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հադրութի շրջանին հարող զորամասերից մեկում օրերս մահացել է 19-ամյա Արմեն Սարգսի Հարությունյանը, ով բանակ է զորակոչվել Գյումրիից 2011-ի դեկտեմբերի 28-ին: Գյումրիի «Ասպարեզ» թերթի փոխանցմամբ, հարազատները պատմել են, որ զինվորը մահացել է ուսումնական վարժանքի ժամանակ, երբ վարժություններ են կատարել նռնակներով. «Վարժական նռնակների արկղում բոլոր վարժական` ոչ վտանգավոր, նռնակների հետ մեկական մարտական նռնակ է եղել, իսկ զինվորները չեն իմացել, եւ Արմենը, փաստորեն, զոհվել է այդ նռնակի պայթյունից»: Զինվորի մահը հաստատող բժշկական փաստաթղթում (N 206091545818, 18.05.2012) ասվում է. «Կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ, դեմքի, պարանոցի, կրծքավանդակի, որովայնի զույգ վերին եւ ստորին վերջույթների համակցված ականապայթյունային վնասվածք», ստորագրված է` բժիշկ Մելքոնյան Հ.Ֆ.: Մահվան պատճառը, ըստ բժշկի, անորոշ է:




























