Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ ամերիկյան F-35 և F-15 կործանիչներն այսուհետ թիրախ են դառնում իրանական ուժերի համար։ Նրա հայտարարությունը հնչել է Իրանի և ԱՄՆ-ի միջև ընթացող պատերազմի ֆոնին։
«Այն ժամանակաշրջանը, երբ ձեր F-35-երն ու F-15-երը հայտնվելու են հարվածի տակ, իսկ դուք ստիպված եք լինելու հայտնել դրանց վնասվելու մասին, արդեն սկսվել է», — X սոցիալական ցանցում գրել է Ղալիբաֆը։
«Այն, ինչ նախկինում իսկական մղձավանջ էր, այժմ դարձել է ամենօրյա իրականություն։ Համակերպվեք դրա հետ», — հավելել է նա։
Ղալիբաֆի հայտարարությանը նախորդել էին ԱՄՆ շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ, գեներալ Դեն Քեյնի խոսքերը։ Չորեքշաբթի օրը նա ընդունել էր, որ ամերիկյան զինուժը մարտի դաշտում բախվել է նոր իրողությունների հետ։
«Այսուհետ մենք պետք է ելնենք այն հանգամանքից, որ մեր ստորաբաժանումներին հետևելու են ինքնավար համակարգերը, դրանք ենթարկվելու են ռադիոէլեկտրոնային ճնշման ողջ տիրույթով և վերահսկվելու են իրական ժամանակում», — նշել է Քեյնը։
Այս ֆոնին ամերիկացի ռազմական պաշտոնյաները և ԱՄՆ-ում հրապարակված զեկույցները վկայում են, որ Իրանի դեմ ամիսներ տևած մարտական գործողություններից հետո տարածաշրջանում ամերիկյան ուժերի ծանրաբեռնվածությունը կտրուկ ավելացել է։
Պենտագոնի գլխավոր տեսուչի գնահատականով՝ Իրանի հարվածների հետևանքով Արևմտյան Ասիայում գտնվող ամերիկյան ռազմաբազաներում շարքից դուրս են եկել կամ ավերվել հարյուրավոր շինություններ ու այլ օբյեկտներ, ինչն առաջացրել է նաև որոշ տեսակի զինամթերքի պակաս։ Փաստաթղթում նաև նշվում է, որ այդ հարձակումներին ի պատասխան՝ ամերիկյան զինվորականները փոխել են տարածաշրջանում իրենց ստորաբաժանումների գործողությունների մարտավարությունը։




























