ԱՄՆ-Իրան պատերազմն արդեն նվազագույնը 45,1 միլիարդ դոլար է արժեցել ամերիկյան բյուջեի վրա։ Այս մասին Պենտագոնը տեղեկացրել է Կոնգրեսին, հայտնում է CNN հեռուստաալիքը։

Թեմային ծանոթ երկու աղբյուրների փոխանցմամբ՝ սեպտեմբերի 3-ի դրությամբ ծախսերը կազմել են 43,6 միլիարդ դոլար, իսկ ևս 1,5 միլիարդ դոլար հատկացվել է վառելիքի լրացուցիչ ծախսերը հոգալու համար։

Ընդ որում, Պենտագոնի այս գնահատականը չի արտացոլում պատերազմի ողջ իրական արժեքը․ մասնավորապես՝ դրանում ներառված չեն վնասված ռազմաբազաների և այլ օբյեկտների վերականգնման ծախսերը։ Բացի այդ, ռազմական գերատեսչությունը Կոնգրեսին դեռ չի ներկայացրել ռազմական գործողությունների անուղղակի ծախսերի մանրամասն հաշվարկը (ինչը նախապես պահանջել էին օրենսդիրները)։

Նոր հայտարարված գումարն արդեն գերազանցում է ԱՄՆ Կոնգրեսի բյուջետային վարչության կանխատեսումները, ըստ որոնց՝ օգոստոսի 1-ի դրությամբ պատերազմը երկրի համար արժեցել է շուրջ 38 միլիարդ դոլար։ Հուլիսին Պենտագոնը ծախսերը գնահատում էր 37,5 միլիարդ դոլար։

Բյուջետային վարչությունում նույնպես ընդգծել էին, որ իրենց հաշվարկներում հաշվի առնված չեն պատերազմի ընթացքում վնասված ամերիկյան օբյեկտների վերականգնման ծախսերը։ Գերատեսչության գնահատմամբ՝ ծախսերի հիմնական մասն ուղղվում է զինամթերքի ձեռքբերմանը։

Վարչության կանխատեսումներով՝ օգոստոսի 1-ից հետո պատերազմը ԱՄՆ-ի համար ամսական լրացուցիչ 2–3 միլիարդ դոլարի բեռ է դառնալու։ Ընդ որում, մարտական գործողությունների սրման շրջանում ամսական ծախսերը կարող են էլ ավելի բարձր լինել։

Կառույցը նաև զգուշացրել է Կոնգրեսին, որ պատերազմի շարունակումը կարող է արագացնել ինֆլյացիան ԱՄՆ-ում 2027 թվականի առաջին եռամսյակում՝ էլ ավելի խորացնելով տնտեսության վիճակի վերաբերյալ ամերիկացիների մտահոգությունները։