Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է Եվրոպայում ռուսական «հիբրիդային սպառնալիքի» աճի մասին և կառավարությանը հանձնարարել է պատրաստել երկրի կրիտիկական ենթակառուցվածքները հնարավոր ԱԹՍ հարձակումներից ու կիբեռգործողություններից պաշտպանելու ծրագիրը։ Այս մասին նա տեղեկացրել է սեպտեմբերի 18-ին՝ քաղաքական կուսակցությունների ղեկավարների և առաջիկա նախագահական ընտրությունների հավանական թեկնածուների հետ հանդիպումից հետո, հայտնում է AFP-ն։
«Եվրոպացիների և Ֆրանսիայի համար ռուսական հիբրիդային սպառնալիքն ավելացել է», — ասել է Մակրոնը՝ հավելելով, որ վերջին շաբաթներին իրավիճակը շատ է լարվել։
Ֆրանսիայի նախագահի խոսքով՝ ներքին գործերի նախարարն արդեն հանդիպում է ունեցել տարածաշրջանային պրեֆեկտների հետ՝ ռուսական ենթադրյալ հիբրիդային հարձակումների ֆոնին զգոնությունը բարձրացնելու նպատակով։
Մակրոնը կառավարությանը հանձնարարել է մշակել քայլեր, որոնք անօդաչու թռչող սարքերից ու կիբեռհարձակումներից կպաշտպանեն ինչպես կրիտիկական ենթակառուցվածքները, այնպես էլ ռազմական արդյունաբերության և տեխնոլոգիական ոլորտի ամենախոցելի օբյեկտները։
Ֆրանսիայի ղեկավարը նաև ընդգծել է, որ երկիրը շարունակելու է աջակցել Ուկրաինային Ռուսաստանի դեմ պատերազմում։ Նրա խոսքով՝ Մոսկվան փորձում է ահաբեկել եվրոպական երկրներին և հասնել Կիևին ցուցաբերվող աջակցության թուլացմանը։
«Այս գործողություններն անպատասխան չեն մնա», — հայտարարել է Մակրոնը՝ չհստակեցնելով, թե հատկապես ինչ պատասխան քայլերի մասին է խոսքը։
«Նրանց նպատակն է վախեցնել մեզ և ձախողել ուկրաինացիներին աջակցելու ջանքերը։ Արդյունքը լինելու է ճիշտ հակառակը», — նշել է Ֆրանսիայի առաջնորդը։
Մաքրոնը շեշտել է, որ Ֆրանսիան մտադիր չէ սպառնալիքների պատճառով հրաժարվել Ուկրաինային աջակցելուց․ «Մեզ չեն կարող վախեցնել, որովհետև մենք հասկանում ենք՝ այն, ինչ այսօր դրված է խաղասեղանին Ուկրաինայում, հենց մեր անվտանգությունն է»։
Որպես սպառնալիքների բնույթի փոփոխության օրինակ՝ Մակրոնը հիշատակել է Գերմանիայի Լայպցիգ/Հալլե օդանավակայանի վրա անօդաչու սարքով հարձակման փորձը։ Սեպտեմբերի սկզբին գերմանական իշխանությունները հայտարարել էին, որ այդ փորձի պատասխանատուն Ռուսաստանն է, և Մոսկվայի դեմ լրացուցիչ միջոցառումներ էին ձեռնարկել։
Ռուսաստանի իշխանությունները հերքում են հիբրիդային հարձակումներին առնչություն ունենալու վերաբերյալ եվրոպական երկրների մեղադրանքները։





























